Մարտի 23-ի առավոտյան կառավարության շենքի մոտ սկսեցին հավաքվել Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Հայաստանի տարբեր քաղաքներից էին գալիս։ Լրագրողներին խնդրում էին սպասել․ «Բոլորով հավաքվենք, նոր խոսանք։ Ախր, ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ է եղել, եկել եմ իմանամ»։
Բողոքին մասնակցում էին նաև նույն զորամասում ծառայած տղաներ։ Նրանք պատմեցին, որ Մեղրիի նշված զորամասը միշտ էլ «ահավոր տեղ ա եղել»։ Դրա մասին էին պատմում նաև Epress.am-ի հետ կապի դուրս եկած գնդի նախկին զինծառայողի ծնողը։ «Եթե Մեղրիի Ագարակ չաստն ա, իմ երեխան էլ ա էդ չաստի շնորհիվ քրեական գործի տակ ընկել։ Սովորական է դա։ Եթե ոչ մի հսկողություն չկա, էդպես էլ կշարունակվի բոլոր երեխաների գլխին սարքելը։ Մենք էլ ենք շատ բողոքել, բոլոր ատյաններին, ոչնչի չհասանք, երեխաս դատվեց»։
Մայրերից մեկի խոսքով, այժմյան խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ զինվորը խնդրել է իրեն այլ վաշտ տեղափոխել, բայց «ագրեսիվ վերաբերմունքի» է արժանացել։
Որևէ կոնկրետ տեղեկություն հավաքվածները չունեն։ Միմյանց են հարցնում, իմանում, որ տղաները Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում են, տարակուսում են՝ ինչի՞ իրենց տեղյակ չեն պահել կատարվածի մասին։
Երեկվա հրապարակումից հետո խմբագրությունը շարունակում է զանգեր և նամակներ է ստանալ զինվորների հարազատներից, որոնք մամուլից և սոցցանցերից են տեղեկացել Մեղրիի գնդում արտակարգ պատահարի մասին։
Այստեղ էր նաև մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող, լրագրող ներկայացած YerevanToday-ի աշխատակիցը։ Նա եկել էր զինվորների տագնապած հարազատներից ճշտելու․ «Իսկ էդ իշխանափոխությունից հետո ոչ մի բան չի փոխվե՞լ»։
Հարազատները ցանկանում էին հանդիպել պաշտպանության նախարարի հետ և որոշեցին գնալ ՊՆ։ Ծնողներից ոմանք արդեն հասցրել էին նամակով դիմել ռազմական գերատեսչությանը։ Մինչ այդ ավտոմեքենաներից մեկի վրա հենվելով, գրություն կազմեցին, ստորագրություններ հավաքեցին և հանձնեցին Կառավարության ընդունարան։
Զինվորների բարեկամների մոտ դուրս եկած ՊՆ-ի ներկայացուցիչն առաջարկեց առանձնանալ։ Պատվիրակները գնացին զրուցելու, մինչդեռ, տղամարդկանցից մեկին դա դուր չեկավ․ «Պետք չէ իրենց հետ առանձին խոսալ, տենց փորձելու են ազդեն մեր վրա»։
Կառավարության շենքի մոտ տիրող տրամադրություններն ու հնչած մտադրությունները՝ «պետք լինի, կմնամ գիշերելու», երկու ժամ անց կտրուկ փոխվեցին՝ սկսեցին խուսափել լրագրողներից «մինչև գենշտաբից պատասխանը գա»։
ՊՆ-ի ներկայացուցչի հետ փակ զրույցից հետո պարզվեց, որ ասելիքը մեկն է՝ կապվել է ՊՆ խոսնակի հետ, նա կիջնի։ Արծրուն Հովհաննիսյանն, իր հերթին, առանձին խոսեց և՛ ծնողների, և՛ լրագրողների հետ, և՛ բոլորի հետ միասին։
Խոսքը 16 զինծառայողների մասին է։ Ըստ Հովհաննիսյանի՝ ոմանք տեղափոխվել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ, «բոլորն, ըստ էության, առաջնագծի կամ մերձառաջնագծի ստորաբաժանումներ են»։
Լրագրողներին հրավիրեցին փոքր սենյակ։ «Հրապարակմանը ոչ ենթակա» զրույցից հետո, որը տեսախցիկների ու հեռախոսների անջատում էր ենթադրում, Հովհաննիսյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգը պահպանվելու է․ եթե կան զինծառայողներ, ում ծառայության բնույթի համար գործում են հատուկ պայմաններ, դրանք կպահպանվեն․ «Բայց զորամասը նույնը չի լինի․ փոքր խմբերով կամ անհատապես տեղափոխվելու են տարբեր զորամասեր։ Նման բնույթի գործողությունները կատարվում են միասին, այսպես ասած, հանցավոր համաձայնությամբ, և պետք է քանդել նման հանցավոր համաձայնությունը»։
Հարցին՝ արդյոք դա կարելի է որպես պատիժ դիտարկել, ասաց․ «Ոմանց դեպքում՝ պատիժ է, ոմանց դեպքում՝ ուղղակի իրավիճակը փոխելու որոշում, որովհետև շուրջ 9 հոգու պատիժը կորոշի քննությունը»։
Այս խոսքերից հասկացանք, որ, ըստ ՊՆ֊ի, զինծառայողը զանցանք է կատարել և մյուսներին էլ փորձել իրենով անել․ «Չի՛ կարող ինչ-որ մեկն իր զանցանքը քողարկելու համար մյուսին հրահրի բողոքել։ Սա անթույլատրելի ա։ Կայացված որոշումն անբեկանելի է»։
Հովհաննիսյանի խոսքով՝ օրեր առաջ եղել են զինծառայողներ, որոնք փորձել են «կարգերին չենթարկվել», հրամանատարներին պարտադրել իրենց իրավունքները, դա չի անցել ու չի անցնելու, դա պատժվելու է»։
Սակայն, պատասխանելով հարցին՝ նախկինում տվյալ զորամասում խնդիրներ եղե՞լ են, բանակի խոսնակն ասաց․ «Այդպիսի տևական բան չգիտեմ։ Միգուցե, ինչ֊որ մեկի անձնական կարծիքն է։ Ի վերջո, գունդ է։ Մի բան իմացեք՝ հրամանատարությունը՝ և՛ զորամասի, և՛ իրանց վերադասից էլ հրամանատարներ պաշտոնանկ են արվել արդեն։ Մեր խստությունն ուղղված չէ միայն կարգազանց շարքային զինծառայողի դեմ։ Իր հրամանատարն, իհարկե, թերացել է, որ բանը հասել է դրան, և, բնականաբար, պետք է պատժվի»։
Միջանցքում ծնողների հետ զրույցում ՊՆ խոսնակը նկատեց, որ Ղարաբաղ ուղարկելը պատիժ չէ, ինչպես հարազատներն ու զինվորներն են պնդում․ «Ի՞նչ է նշանակում պատիժ։ Զորամասից տեղափոխելը պատիժ չէ, և նրանք միայն Ղարաբաղում չեն՝ ամբողջ սահմանամերձ զորամասերով տեղափոխել են։ 4 հոգի Բերդում են, մի քանիսը՝ Սիսիանում»։
Հավաքվածներից մեկը նորից հարցրեց՝ ինչի՞ վիճակահանությամբ Մեղրիի զորամաս ընկած զինծառայողը պետք է հայտնվի Ստեփանակերտում։ Հովհաննիսյանն արդեն, ինչպես ինքն ասաց, «շատ վատ պատասխան տվեց»․ «Եթե որևէ մեկիդ թվում ա, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի Ղարաբաղի հետ, սխալվում եք»։ Նա պնդեց, որ «կարգազանցներին» տեղափոխել են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի զորամասեր։ «Ես շատ վիրավորված եմ՝ փաստորեն, ըստ ձեզ ի սկզբանե Ղարաբաղ [վիճակահանությամբ] քաշած էրեխեքը դատապարտվա՞ծ են»։
– Իսկ ոմն Գասպարյանն իրավունք ունի՞ համազգեստ ճղի, – հարցրեց զինվորներից մեկի մայրը։
– Ինչքա՞ն եք տվել էդ սպիռալով համազգեստին, որ ուղարկել եք իրան։
– Էդ կապ չունի, ֊ ասաց ծնողը։
– Մեծ կապ ունի՝ ինքը իրավունք չունի էդ համազգեստը հագնելու։ Ե՛ս չեմ կարող ինձ թույլ տալ էդ համազգեստը հագնելու, ո՞նց եք դուք դա իրան առել, տվել, — բացականչեց Հովհաննիսյանը։
Նկատառմանը, թե ինչի իրենք առհասարակ պետք է համազգեստ գնեն ու բանակ ուղարկեն, ասաց՝ չպիտի էլ անեք ընդհանրապես։
– Իսկ եթե ճղե՞լ ա։ Չունի համազգեստ, ինչո՞վ մնա։
– 21 մեկ տարի բանակում եմ, ես լավ գիտեմ, որ մարդը, եթե ուզի, կարա առանց ծնողի ուղարկած համազգեստի էլ ծառայի։
Սպասեցի, որպեսզի իմանամ հավաքվածների հետագա անելիքները, սակայն Արծրուն Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո ծնողներին հասկացրին, որ այժմ լրագրողների հետ զրուցել պետք չէ, իրենք կսպասեն Գլխավոր շտաբի պատասխանին․ «Բայց բան չասենք էլի, մենք շարժվենք նենց, որ ճիշտ լինի ամեն բան»։
Տղամարդն, ով դեմ էր պաշտոնյաների հետ «առանձնազրույցներին», սենյակից դուրս եկավ, աչքով արեց․ «Դե, հասկանում եք»։