Ամանորի գիշերը Սյունիքի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին: «Երեք անչափահաս երեխայի հայրը չէր կարող նման քայլի գնալ», – «Ազատության» հետ զրույցում պնդեց Ալինա Սարգսյանը:
«Իրա կողքի տղաները՝ մեկը ուրիշ բան է ասում, մեկը ուրիշ բան է ասում։ Ես ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Ես միայն վստահ եմ, որ իմ երեխան իրեն տենց բան չէր կարող անել, նույնիսկ եթե դրդեին։ Խի իմ երեխան գի՞ժ է, երեք երեխայի հայրը նման բան թույլ կտա՞ր իրեն։ Նստենք մի հատ ճիշտ խոսենք՝ ոնց կարելի է ինքնասպանությունը։ Էդ ո՞ր մի ինքնասպանն է իրեն դոշից կրակում, որ մի քանի ժամ էլ հլը տառապի, հենա կդներ բերանից կկրակեր տեղում կմնար։ Եթե մի բան ստում են՝ նենց ստեն, որ իրականությանը մի քիչ մոտիկ լինի»։
30-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի դարձավ միայն օրեր առաջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական դիրքի պահպանության տեղամասում հրազենից վիրավորվելուց հետո՝ հունվարի 1-ի առավոտյան, նրան տեղափոխել են Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Ինքնասպանություն հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին լռել էր, իսկ երբ հայտնի դարձավ, տարբեր մեկնաբանություններ հնչեցին դեպքը միտումնավոր թաքցնելու մասին:
Լուրը հանրությունից թաքցնելը վրդովեցրել է նաև Էդգար Գրիգորյանի ընտանիքին: Մայրն ասաց՝ 40 օր լրատվամիջոցներում տեղեկություն է փնտրել՝ հույս ունենալով այդպիսով նաև մանրամասներ իմանալ։ «Մենք իմացել ենք ժամը 12-ին՝ մահից չորս ժամ հետո, 8։10 իմ երեխան մահացել է։ Մահից չորս ժամ հետո նոր ես եմ իմացել՝ լրիվ կողմնակի մարդուց»։
Դեպքին այսօր անդրադարձել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հայտարարելով․ – «Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ։ Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե այդ ինչի հետ է կապված եղել, որովհետև հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»: