Home / Դատարան / «Սպայկայի» տնօրենը կալանավորվեց

«Սպայկայի» տնօրենը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր բավարարել է ՊԵԿ-ի միջնորդությունը՝ կալանավորել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունների հետ կապվող բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Դատարանի բակում այս պահին բողոքի ակցիա են անում ընկերության տասնյակ աշխատակիցներ՝ պահանջելով ազատ արձակել տնօրենին և հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք նշում են, որ ընկերության աշխատանքի կաթվածահար լինելու պատճառով իրենք չեն կարողանում աշխատել և ընտանիք պահել։

Ըստ նախաքննական մարմնի՝ «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:

Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները ՀՀ-ում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:

«Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա միայն 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում, կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհայտարարագրելով «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ իրական տեղեկությունները, այսինքն` չներկայացնելով համապատասխան մաքսային հայտարարագրերը և հակառակը՝ դրանց փոխարեն «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել  հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ», -նշված է Պետեկամուտների կոմիտեի հայտարարության մեջ։

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը)։

Tekali Taxi