Գլխավոր / Ազգային ժողով / Ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը հարիր չէ

Ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը հարիր չէ

Ապրիլի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված  Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում էր, որն ամբողջովին խախտում էր տվյալ հանձնաժողովի առաքելությունը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, միանում ենք բոլոր այն քաղաքացիներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք արտահայտեցին իրենց անհանգստությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումների կապակցությամբ:

Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, որը ենթադրաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Հրապարակված դիրքորոշումը ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խտրականությունից ազատ լինելը և իրավահավասարությունը՝ «հասարակական բարոյականության սկզբունքին», ինչը հիմնովին մերժելի է և հարիր չէ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը և հավաստել, որ այն անդրդվելիորեն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ բարձր հարգանք դրսևորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններին՝ առանց բացառությունների, կողմնապահությունների և երկիմաստությունների:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկել անհապաղ ու գործուն միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն, ատելություն և բռնություն հրահրողներին ու իրականացնողներին, որոնք շարունակում են նախորդ վարչախմբի օրոք անպատժելիության մթնոլորտում տարածված անօրինական գործելակերպը՝ քողարկվելով «հասարակական բարոյականության» շղարշով, պետության և դրա բոլոր առնչվող ինստիտուտների մակարդակով ամրագրել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների գերակայությունը, կազմակերպել լայնամասշտաբ կրթական և իրազեկման միջոցառումներ՝ վերացնելու վերջին տարիներին վտանգավոր ծավալների հասնող խտրականության քարոզն ու ատելության խոսքը և վերականգնելու քաղաքացիների ոտնահարված իրավունքները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ