Home / Ազգային ժողով / «Բարգավաճի» պատգամավորը խմել է և գյուղապետերի հետ փորձել ծեծի ենթարկել փոխմարզպետին

«Բարգավաճի» պատգամավորը խմել է և գյուղապետերի հետ փորձել ծեծի ենթարկել փոխմարզպետին

Երեկ՝ ապրիլի 27-ին, Եղեգնաձոր քաղաքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետերի հետ միասին փորձել է ծեծի ենթարկել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Ազգային ժողովի մեծարգո պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետի հետ, ամենայն հավանականությամբ հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի բոլոր գծերը և համայնքապետերի հետ մեկտեղ փորձել է ծեծի ենթարկել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին։ Բաց ենք թողնում այս ամենից այն անդաստիարակ հայհոյանքների շարքը, որ հնչել են փոխմարզպետի հասցեին։ Ինձ համար այստեղ կարևոր է այն, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմում է փոխմարզպետին ու ասում՝ ով ես դու, որ եկել ես մեր մարզ և փորձում ես օրինականություն հաստատել։ Ես պատկերացնում եմ, որ ԲՀԿ-ն իր ամբողջ կազմով չի գիտակցում՝ ինչ է կատարվում երկրում, չեն հասկանում, որ իրավիճակն այնպես է փոխվել, որ ՀՀ-ում այլևս օրինականությունն է առաջին տեղում, և իրենց համար օրինականության հաստատումը այն պատճառն է, որ փոխմարզպետին կարող են ասել՝ դու ինչ գործ ունես այստես, թող՝ ռադ եղիր քո ծննդավայր,» – ասել է Քրիստինե Պողոսյանը։

Պատգամավորը հավելել է, որ գործն արդեն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն․ «Չգիտեմ՝ պարոն Բագրատյանը՝ իր կարգավիճակից օգտվելով, կարող է խուսափել պատասխանատվությունից, սակայն նա հանրության կողմից պետք է պախարակվի։ Այս մարդը պետք է հասկանա, ու բոլորը «Բարգավաճ Հայաստանում» պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս իրավիճակ է փոխվել, որ իրենք չեն կարող փոխմարզպետին ասել՝ դու գործ տվող ես, որովհետև մարդը փորձում է օրինականություն հաստատել։ Այն բոլոր համայնքապետերը, ովքեր եղել են նրա հետ, ովքեր մասնակից են եղել այդ հայհոյանքներին և բռնության գործադրելուն, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ պարոն Բագրատյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի այս արարքի համար»։

Քրիստինե Պողոսյանը նշել է նաև, որ այսօր մարզպետարանում «Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորների հետ միասին հանդիպում են ունենալու մարզպետի և միջադեպին մասնակցած համայնքապետերի հետ, ինչի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել էր, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը մոտեցել են իրեն, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և հարվածել:

Ավելի ուշ Եղեգնաձորի ոստիկանության պետ Արմեն Հարությունյանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին՝ Եղեգնաձոր քաղաքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ ծառայություն իրականանող ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և ոստիկանության բաժին են տարել Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանին։ Միջադեպին մասնակցած ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով պաշտպանված է պատգամավորական անձեռնամխելիությամբ, բերման չի ենթարկվել։

Tekali Taxi