Գլխավոր / Դատարան / Մտել էինք օլիգարխների դաշտ. Դավիթ Սանասարյան  

Մտել էինք օլիգարխների դաշտ. Դավիթ Սանասարյան  

«Երբ սկսում էինք ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, ինձ զգուշացրին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հարձակումներ են լինելու, որ մտնում ենք նախկին օլիգարխների դաշտ։ Իմ պատասխանը հստակ էր. մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը պետք է պահպանվի», – այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Ապրիլի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը Սանասարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պնդելով, որ վերջինս, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով պաշտոնեական դիրքը առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։  Ավելի վաղ այս գործով կալանավորվել ապա ազատ էին արձակվել ՊՎԾ երկու աշխատակիցներ և հեմոդիալիզի գնումներին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը: Նրանք, ըստ ԱԱԾ-ի, փորձել են այնպես կազմակերպել գնումների գործընթացը, որ հաղթող ճանաչվի իրենց կողմից հովանավորվող «Զորաշեն» ընկերությունը:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե կա տեսանյութ, որտեղ երևում է, որ Սանասարյանին «տրցակներով գումար են փոխանցում»՝ վերջինս նշել է, որ դա սուտ է.

«Որ աղբյուրը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս նրանց լրատվամիջոցում կկտրեմ։ Սա հակահեղափոխական հենք ունեցող տեղեկատվություն է, և արվում է նրա համար, որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որևիցե ձևով կարող եմ կոռուպցիոն դրսևորումների հետ կապ ունենալ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ, ես սովոր եմ դրան»։

Սանասարյանն  անդրադարձել է Հետք լրատվականում ամիսներ առաջ եղած ««Պետական մակարդակավ բիզնես են խլում». տնտեսավարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» հրապարակմանը, որտեղ «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:

ՊՎԾ նախկին պետը նշել  է, որ ամբողջ աշխարհում հեմոդիալեզի պարագաների հետ կապված մաֆիա գոյություն ունի։

Տարիներ շարունակ հեմոդիալեզների ապարատները 2,2 անգամ թանկ է վաճառվել պետությանը՝ դրանով նրանք գերշահույթ են ունեցել։ Սանասարյանը շեշտել է, որ իրենց նպատակը միայն եղել է «Գնումների մասին օրենք»-ին համապատասխանեցնել պետական գնումները։

«Եթե լիներ մրցակցություն, այլ մասնակիցներ կլինեին, և պետությունը ավելի քիչ կվճարեր, քան վճարել են։ Սա իրենց դուր չեկավ՝ նրանք բնորոշեցին բիզնես խլել»։

Բժշկական կենտրոններից մեկն ընդունել է ՊՎԾ-ի առաջարկը՝ այլ ընկերությունից ձեռք բերել այդ սարքավորումները,  և դրա շնորհիվ, ըստ Սանասարյանի, պետությունը շահել է 13 միլիոն դրամ։ Վանաձորի ԲԿ-ն, սակայն մերժել է ՊՎԾ-ի առաջարկը և 30 տոկոսով ավելի թանկ գնումներ է կատարել։

Սանասարյանը  նշել է, որ տարիներ շարունակ Վանաձորի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներում խախտումներով են գնումներ անցկացվել, այնտեղ տիրել է մոնոպոլիա։

Վերջինս նշել է, որ այլ ելք չի տեսնում, քան մեղադրանքի կասեցումը. «Այլապես նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում»։

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պնդել է, որ իր պաշտպանյալի մեղադրանքը շինծու է։

Դեռևս  ապրիլի 9-ին, նշել է պաշտպանը,  Սանասարյանին հրավիրել են հարցաքննության՝ որպես վկա, սակայն քննել են որպես կասկածյալ. «Արդեն կար ուրվագծված որոշակի պլան»։ Երբ ապրիլի 17-ին Սանասարյանին հրավիրել են Քննչական վարչություն, Պետրոսյանի խոսքով, արդեն իսկ նրանք ունեին որոշում իր պաշտպանյալին որպես մեղադրյալ ներգրավվել։ Քննչական գործողությունները տևել են մի քանի ժամ, և  ապրիլի 18-ին՝ 00։05 րոպեին, նրան ներգրավել են որպես մեղադրյալ. «Այն դեպքում, երբ նրանք դեռ երկու օր ունեին, որ կատարեն քննչական գործողություններ, որից պարզ կդառնա, որ անհիմն է մեղադրանքը»։

Սանասարյանի մյուս  պաշտպան Արսեն Սարդարյանն ուշադրություն է հրավիրել Դատախազության օրեր առաջ կատարած հրապարակմանը, որտեղ նշվում է, որ 2015-2018 թվականներին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ը և «Վանաձորի բժշկական կենտրոն»-ը և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել 2.2 անգամ թանկ գնով. «Այսինքն՝ եղել է մեկ ընկերություն, որը ինչ գին էլ ուզեր, կարող էր առաջարկել»։ Նա ընդգծել է, որ դրանց հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց համար հիմք է եղել Սանասարյանի որոշմամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։

«Այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը  Սանասարյանի համար», -նշել է Սարդարյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք Սանասարյանը որևէ խնդիր ունի՞ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, Սանասարյանը նշել է, որ նրանք նորմալ հարաբերություններ ունեն, այնուամենայնիվ, Վանեցյանին հորդորել է, որ «Այս թեմայով չխոսել։ Կոչս հստակ է՝ չխառնվեն այն մարդիկ, որոնք իրավահասու չեն, քանի որ դա ճնշում է հետագա իրավական գործընթացների վրա»։

Պաշտպան Սարդարյանը հավելել է, որ իրենք մտահոգված են, որ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում այս հարցի հետ կապված։

Լրագրողները հետաքրքրվել են նաև Սանասարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններից։ ՊՎԾ նախկին պետը նշել է, որ Փաշինյանին շատ հարգում է, և շատերը սպասում են, որ նա պետք է արդարադատություն իրականացնի, որը, սակայն, վարչապետի  ֆունկցիան չէ. «Առաջարկում եմ այդ հարցով չդիմել նրան, չի պատասխանելու»:

Tekali Taxi