Home / Մեդիա / 24News-ի լրագրողը չգիտեր՝ որտեղ է աշխատում

24News-ի լրագրողը չգիտեր՝ որտեղ է աշխատում

Երեկ «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամի առաջ բողոքի ակցիա իրականացնողները վիրավորական արտահայտություններ են արել իրենց «անհարմար» հարցեր տվող՝ 24News լրատվական կայքի արդեն նախկին լրագրող Դիանա Դավթյանի հասցեին։ Նրանցից մեկը ընդհուպ սպառնացել է՝ «զգույշ դուրս կգաս խմբագրությունիցդ»։ Մանրամասները՝ Artmtimes.com֊ից։

Լրագրող Դիանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ ժամը երեքին ինքն ու իր օպերատորը գնացել են «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամի առաջ բողոքի ակցիան լուսաբանելու։ Ընթացքում բողոքի ակցիայի մասնակից, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հրապարակավ հայտարարել է, որ «այսօրվա կառավարության ամենավերին էշելոնները հրահանգ են ստանում Սորոսի կողմից՝ Հայաստանում վիճակն ապակայունացնելու համար»․

«Այդ ժամանակ Նարեկ Մալյանին հարցրի՝ ինչ ապացույցներ ունի նման բան հայտարարելու համար, ինչ փաստեր ունի, ասաց՝ առաջիկայում կհրապարակի, բայց այդ ընթացքում ինձ կողքից սկսեցին ասել, որ 1in.am-ի լրագրող եմ, Արման Բաբաջանյանի սադրիչն եմ, հատուկ եկել եմ նման հարցեր տալու, Փաշինյանի լրագրողն եմ եւ այլն, եւ այլն։ Չգիտեմ՝ այդ որն է Փաշինյանի լրագրողը, բոլոր լրագրողները լուսաբանում են Նիկոլ Փաշինյանին, նրա այցերը։ Ինչ վերաբերում է 1in.am լրատվականին՝ այո, ես երկար տարիներ աշխատել եմ այնտեղ, Արման Բաբաջանյանը իմ խմբագիրն է եղել, որի համար շատ հպարտ եմ, բայց արդեն մոտ 7 ամիս է՝ այնտեղ չեմ աշխատում, այսինքն Բաբաջանյանի հետ որեւէ առնչություն չունեմ, եւ նա որեւէ կերպ չէր կարող ինձ ուղարկել հարցեր տալու», – պարզաբանեց Դավթյանը։

Բայց լրագորղի հասցեին այս մեկնաբանություններն ամենը չեն։ Դիանա Դավթյանի խոսքով՝ այս միջադեպից մոտ քառասուն րոպե հետո մի երիտասարդ իր տեսախցիկով անդադար նկարել է իրեն եւ գործըներոջը, սակայն ակնհայտորեն այդ մարդը լրագրող չի եղել, նրա վրա անձը հաստատող որեւէ փաստաթուղթ կամ բեյջ չի եղել․

«Լրագրողներն այնտեղ իրար ճանաչում են, եւ իմ պրակտիկայում չի եղել դեպք, երբ մի լրագրողը մյուսին առանց զգուշացնելու կամ առհասարակ նկարի։ Իմ գործընկերը զգուշացրեց, որ այդ մարդն արդեն երկար ժամանակ նկարում է մեզ, եւ քանի որ մեր օպերատորները ուղիղ եթերում հեռարձակում էին տեղի ունեցող ակցիան, մենք առանց տեսախցիկների մոտեցանք այդ մարդուն եւ պահանջեցինք ջնջել նկարները, քանի որ ոչ մեկն իրավունք չունի մեզ առանց զգուշացնելու նկարել։ Այդ մարդը չներկայացավ, ապա ասաց, որ իր անձնական բլոգի համար է նկարել մեզ։ Հարցրի՝ ինչ բլոգ է, ասաց, թե անունը չի հիշում։ Ես կրկին պահանջեցի ջնջել մեր նկարները, քթի տակ ասաց՝ հալներդ կտեսնեք, թե ինչ։ Այդ պահին մեզ մոտեցավ Նարեկ Մալյանը, հարցրեց՝ ինչ է կատարվում, այդ մարդն էլ ասաց, որ պահանջում ենք ջնջել մեր նկարները։ Մալյանն ասաց՝ լավ ես անում, չջնջես։ Ասում եմ՝ ես ոչ ակցիայի մասնակից եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ հասարակ քաղաքացի, ես իմ լրագրողական պարտականություններն եմ անում, եւ որեւէ մեկն իրավունք չունի ինձ նկարել», – պատմեց լրագրողը՝ ընդգծելով, որ օպերատորները հավանաբար չեն ֆիքսել այդ պահը, քանի որ ոստիկանների եւ Մալյանի միջեւ լարված երկխոսությունն էին հեռարձակում։

Միջադեպի ժամանակ, ըստ Դիանա Դավթյանի, իրենց է մոտեցել «Անալիտիկ» լրատվական կայքի խմբագիր, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից վերջինիս հասցեին զրպարտություններ եւ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար գումար շորթելու գործով ժամանակին ազատազրկված Անինա Հովհաննիսյանը, եւ ասել, որ ինքը լավ տիրապետում է ԶԼՄ մասին օրենքին, երկար տարիներ լրագրող է եղել եւ գիտի՝ ինչ նպատակով է լրագրող Դիանա Դավթյանը եկել այդ ակցիային։ Ի պատասխան Դավթյանը հարցրել է՝ Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ի՞նչ գործունեություն է ծավալում, ինչո՞ւ է մասնակցում այս ակցիային, սակայն Հովհաննիսյանը ինչ-որ բաներ աելով շրջվել, գնացել է։ Այդ ժամանակ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը Դավթյանին ասել է «լեզուդ շատ է երկար», ապա որոշ ժամանակ անց հենց ինքն էլ ասել է՝ «խմբագրությունիցդ զգույշ դուրս կգաս»։

«Քանի որ բոլոր լրատվականները Մալյանի եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցողն էին լուսաբանում, իմ կողքին քիչ լրագրողներ կային։ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն իր հեռախոսով ֆիքսել է ակցիայի մասնակիցներից մեկի պահվածնքն ու իմ հասցեին վիրավորական արտահայտությունները»։

Դավթյանը պատմեց, որ այն պահին, երբ ուղիղ եթերով հեռարձակվել է ակցիայի մասնակիցների՝ լրագրողի հասցեին վիրավորական արտահայտությունները, 24News-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը զանգահարել է իրենց օպերատորին եւ հրահանգել անջատել ուղիղ եթերն ու վերադառնալ խմբագրություն։ Դիանա Դավթյանի համար սա զարմանալի է թվացել, քանի որ նյութեր պատրաստելու ժամանակ նախ եւ առաջ պատասխանատու է լրագրողը եւ առաջին հերթին լրագրողին են տեղյակ պահում նյութը չեղարկելու մասին։

Դավթյանն ու իր գործընկեր-օպերատորը վերադարձել են խմբագրություն, եւ գլխավոր խմբագիրը Դավթյանին կանչել է իր աշխատասենյակ․

«Խմբագիրս ասում է՝ արի իմ սենյակ, գնում եմ, ասում է՝ դուռը փակիր, մտածում եմ՝ պետք է հարցնի՝ ինչ է եղել, ով է վիրավորել, ինչ միջադեպ է եղել եւ այլն, ինչպես պետք է լիներ աշխատակից-խմբագիր նորմալ զրույցի ժամանակ, բայց սկսում է ձայնը բարձրացնելով խոսել, թե՝ քեզ քանի անգամ եմ ասել՝ հավասարակշռված կպահես քեզ։ Ասում եմ՝ այսինքն՝ հավասարակշռվածը ո՞րն է։ Անինա Հովհաննիսյանի նկարը ցույց տալով՝ ինձ ասում է՝ էս խեղճ աղջիկն է՞ քեզ վիրավորել, դու իրեն ոչ կոռեկտ հարց ես տվել, խորը վիրավորել ես։ Ասում եմ՝ ակնհայտ փաստի մասին հարց տալու ի՞նչն է վիրավորական, որ հարցրել եմ՝ դրամաշորթության համար պատասխանատվության ենթարկվելուց հետո, ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ինչով է զբաղվում, դրա ի՞նչն է վիրավորական։ Ասում է՝ Մալյանն իմ ընկերն է, ասեիր՝ սպառնացել են, զանգեինք, ասեինք՝ նման բան է եղել, բայց դու գնացել ինձ ու իմ լրատվականն ես խայտառակել, ձեռքիդ՝ 24News-ի բարձրախոսը։ Ասում եմ՝ ինձ վիրավորել ու սպառնացել են որպես անհատ լրագրող, եւ եթե դու ինձ ուղարկում ես աշխատանքի, նշանակում է նաեւ պատասխանատու ես իմ անվտանգության համար, խմբագիրս էլ պատասխանում է՝ «կարող ա՞ գիտես հետդ ախռանիկ պիտի դնեմ»։

Ցավոք, հեռախոս կամ ձայնագրիչ չէի վերցրել հետս՝ իմ ու խմբագրիս զրույցը ձայնագրելու համար, քանի որ չէի սպասում նման խոսակցություն» ,- պատմեց լրագրողը՝ հավելելով, որ թեժ զրույցի ժամանակ խմբագիրն ասել է, որ այլեւս չի պատկերացնում իրենց համագործակցությունը։ Դիանա Դավթյանը միանգամից հեռացել է աշխատանքից։

Ի դեպ՝ լրագրողը «Հայկական ժամանակ»֊ի հետ զրույցում նաեւ նշեց, որ նա միայն երկրորդ անգամ է գնացել լուսաբանելու «ԱդեկվաԴներ»-ի ակցիան։ Առաջինը եղել է ԵՊՀ-ի դիմաց՝ ի աջակցություն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության։ Այդ ժամանակ էլ իր խմբագիրն ասել է, որ իրենք ռեկտորին են պաշտպանելու, ոչ թե «սորոսականներին»՝ նկատի ունենալով «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին։

Նշենք նաեւ, որ այս բողոքի ակցիային ներկա են եղել Նարեկ Մալյանը, Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանը, Մենուա Հարությունյանը եւ այլք։