Home / Մարզեր / Քարագլխեցին քարից հաց քամող, շատ աշխատասեր ժողովուրդ է

Քարագլխեցին քարից հաց քամող, շատ աշխատասեր ժողովուրդ է

Եղեգիս խոշորացված համայնքի բնակչուհի տիկին Սիրունը ուսուցչուհի է, զուգահեռաբար մշակում է տանը հարակից տարածքի հողամասը․ լոլիկ, վարունգ, բիբար։ Կինը նշում է, որ  քաղաքից հեռու են, դժվար են իրացնում ապրանքը, պատմեց, որ գոլդեն սորտի խնձոր ունեն, գյուղում շատերն են մշակում, սակայն 10 դրամով են մթերում։

«Մշակում ենք, բայց, ինչպես հիմա կարելի է ցույց տալ, թափում ենք, իրացնել չենք կարողանում»։

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը ասաց, որ գյուղում իրացման խնդիր չկա, անցած տարի 24 մլն դրամի խնձոր են հանձնել «Սպայկա» ընկերությանը։ Հետո բողոքեց, թե գյուղացիները չեն ցանկանում աշխատել։ Տիկին Սիրունը ճիշտ հակառակն ասաց․ «Քարագլխեցին քարից հաց քամող, շատ աշխատասեր ժողովուրդ է, պարզապես մի գործարան լիներ՝ աշխատեր»։

Տիկին Սիրունը ցույց տվեց անտերության մատնված ձեռնոցների գործարանը, որը չի աշխատում, մատնանշեց, որ իրենց գյուղը նախադպրոցական հաստատություն և մանկապարտեզ չունի։ Երիտասարդության համար չկան հնարավորություններ, որպեսզի մնան գյուղում և զարգացնեն գյուղը։

Վայոց ձորի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը պատմեց, որ «նախադեպը չունեցող» նոր վարկային հնարավորություններ են ստեղծվել գյուղացիների համար։ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագիր են սկսում մարզում, որտեղ սահմանամերձ գյուղերին երկարաժամկետ վարկ է տրամադրվում՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

«Նման բան մենք երբևիցե չենք տեսել, այս ծրագիրը 2,5-3 ամիս առաջ է առաջարկվել 8 տարի արտոնյալ 5 տարի ժամկետով վարկ են տրամադրում պտղաբուծության և բուսաբուծության մեջ, որը շատ կարևոր է նախապայման է։ Սակայն ես տեսնում եմ, որ շատ քիչ մարդիկ են կարողանում  օգտվել այս ծրագրերից»։

Վայոց ձորն ունի 6 սահմանամերձ գյուղ՝ Խաչիկ, Արենի, Սերս Բարձրունի, Խնձորուտ, Նոր Զնաբերդ։ Այս արտոնյալ ծրագրերից կարող են օգտվել այս գյուղի բնակիչները։ Գեղամ Մարգարյանն ասում է՝ գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք այցելել է և իրազեկել կառավարության կողմից առաջարկվող բարենպաստ ծրագրի մասին։

Tekali Taxi