հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Արճիս համայնքի բնակիչները խմելու ջուր են պահանջում

Արճիս համայնքի բնակիչները խմելու ջուր են պահանջում

Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը։ Բնակիչների պահանջն է՝ լուծել համայնքում տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի խնդիրը։

«Ունենք երկու հատ տեղական աղբյուր՝ անտառներից դուրս եկող։ Այս տարի ո՛չ ձյուն է եկել մեր տարածաշրջանում, ո՛չ անձրև, այդ աղբյուրները ցամաքել են։ Այս պահին ամեն ընտանիքի մի քսան լիտր ջուր է հասնում, դա էլ եթե հասցնում են տանեն և ուրիշը չի տանում իրենց տեղը»,- infocom.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքի բնակիչ Դավիթ Վարանյանը՝ ընդգծելով, որ Խորհրդային միության փլուզումից ի վեր գյուղում խմելու ջուր չկա։

Ըստ նրա՝ Լոռի բերդից մինչև Բագրատաշեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ունի խմելու ջրի ջրագիծը, որն անցնում է Արճիս համայնքի միջով։ Դավիթ Վերանյանը նշում է, որ բնակիչները պահանջում են, որ Արճիս համայնքին ևս այդ ջրից հասնի։

«Պետք է պոմպակայան կառուցեն և մի երկու կիլոմետրի հասնող մղման խողովակաշար, որ այդ ջրագծից նաև գյուղի ջրավազաններին ջուրը հասնի։ Ինչպես ՀՀ մյուս համայնքի բնակիչները, այստեղ ևս մարդիկ ուզում են խմելու ջուր ունենալ»,- ավելացրեց Դավիթ Վերանյանը։

Բնակիչներն այս պահին բացել են ճանապարհը։ Արճիս համայնքի ղեկավարը ակցիայի մասնակիցների հետ բանակցություններից հետո հայտնել է, որ այսօր երեկոյան Տավուշի մարզպետարանի աշխատակիցները կգան Արճիս, կփորձեն լուծման տարբերակներ գտնել։ Ըստ բնակիչների՝ ակցիաները կշարունակվեն, եթե մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո խնդրին լուծում չտրվի։