17:00 ― Բերման ենթարկված Սոսո և Արթուր Խաչատրյաններին քիչ առաջ ազատ են արձակել։ ՄԻՊ-ի փոխանցմամբ, նրանք բերման էին ենթարկվել «քննչականի գործողություններին խոչընդոտելու» հիմքով։ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեքենաները հերթով հեռանում են Ամուլսարի պոստերից։ Պոստերը շարունակում են մնալ փակ։
14:30 – ժամը 14:00-ի կողմերը Ամուլսարի պոստերից ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել Սոսո և Արթուր Խաչատրյանները։ Այժմ նրանք գտնվում են Ջերմուկի ոստիկանության բաժանմունքում։ Բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով փակվել էր դեպի Ջերմուկ տանող ճանապարհը, որն այս պահին արդեն բաց է։ Ամուլսարի պոստերն ու դեպի հանք տանող ճանապարհները շարունակում են մնալ փակ։
13:20 ― Ամուլսարի երրորդ պոստից դեպի հանք տանող ճանապարհը նույնպես փակ է։ Ոստիկանության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պահանջում են բացել այն և թույլ տալ իրավապահներին մուտք գործել Ամուլսարի հանքարդյունաբերական տարածքներ՝ ապօրինի հանքահանության գործով փորձաքննական գնահատման աշխատանքներ կատարելու համար։ Ամուլսարի պաշտապնները ճանապարհը բացելու մտադրություն չունեն․ նրանք կոչ են արել ոստիկանությանն ու քննչական կոմիտեին ներկայանալ կիրակի տեղի ունենալիք Մեծ ժողովին և Քննչականի պատվիրած փորձաքննության շրջանակներում թեկուզ ուշացումով, բայց արձանագրել Ջերմուկ, Գնդեւազ և Կեչուտ համայնքների բնակիչների իրավունքների խախտումներն ու դիրքորոշումը փորձաքննության խնդրո առարկայի վերաբերյալ։ Բացի այդ, համայնքի բնակիչները Քննչական կոմիտեից պահանջում են թափանցիկություն և փորձաքննական արդյունքների հանրայնացում, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ անընդունելի են համարում փորձաքննության արդյունքերի շահագրգիռ հանրությունից գաղտնի պահելը մի պարագայում, երբ հանքարդունաբերող ընկերության՝ Լիդիանի հետ այդ արդյունքների կապակցությամբ անց են կացվում հանդիպումներ, քննարկումներ և այլն:
Ոստիկանության, քննչականի և տեղացիների միջև բանակցությունը շարունակվում է։ Դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակ են։ Բերման ենթարկվածներ այս պահին չկան։
12:20 ― Ամուլսարի առաջին պոստի մոտ լարված իրավիճակ է։ Ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ և քննչականի ներկայացուցիչներ։
Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաներն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը։ Երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձում են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը, ինչից հետո առանց հիմնավորման փորձել ձերբակալել մարդկանց։ Ոստիկանությունը և քննչականը այս պահին բանակցում են տեղացիների հետ:
Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրը փաստացի դադարեցված է 2018թ․ հունիսից դեպի հանք տանող ճանապարհների փակման արդյունքում։ Արդեն շուրջ մեկ տարի է՝ Ջերմուկի, Կեչուտի ու Գնդեվազի բնակիչներն այսկերպ պայքարում են հանքավայրի շահագործման դեմ։