Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել, գրում է Forrights.am-ը: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: Ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դատավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանն ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:
2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պառկացրել է գետնին և քայլել նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել:
Բռնացնելով տղաներին, մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին, Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին ծեծի է ենթարկել:
«Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:
Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով նա մի քանի անգամ հարվածել է կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին, պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ:
2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Մայիսին նա դարձավ դատավոր:
Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:
Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝ 4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները, հրամանատար Գյոզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն, նշանակելով փորձաշրջան:
Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել, խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:
Ըստ դատախազության, «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,կոչումով մայոր,զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Բ.Հովհաննիսյանին՝պատճառելով ֆիզիկական ցավ»:
Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եւ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն մեկուսացրել:
Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով Forrighs.am-ի այս հարցերին ասաց․ «Զինվորին խփելու համար պայմանական հոդվածի պատճառով Գյոզալյանը չի որոշում հանել նրան, կամ ոչ»։
«Սա առնվազն նշանակում է, որ զինվոր ծեծող-ջարդողները ՊՆ և զորամասի հրամանատարության հատուկ հովանավորության տակ են և ինչ-ինչ պատճառներով խրախուսվում են վերջիններիս կողմից։
Այսօր հանցագործ մայորն իրեն լիովին պաշտպանված է զգում դատախազության, դատարանների, իր հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, իսկ քրեական դեպքերը Մատաղիսի զորամասում շարունակվում են» , – գրում է կայքը: