Home / Կանանց իրավունքներ / Ադրբեջանում աղջիկների ինքնասպանությունը կապում են հարկադիր ամուսնությունների հետ

Ադրբեջանում աղջիկների ինքնասպանությունը կապում են հարկադիր ամուսնությունների հետ

Ադրբեջանում մեկ շաբաթվա ընթացքում երկու 17-ամյա աղջիկ է ինքնասպան եղել, քանի որ, ըստ նախնական վարկածի, ծնողներն ուզում էին ամուսնացնել նրանց՝ աղջիկների կամքին հակառակ։ Պատմությունը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակությունում։

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել առաջին դեպքը։ Ալիաբադ գյուղում 17-ամյա Գյուլար Իսմայլովան կախվել է իր տան բակում գտնվող գոմում։ Հուլիսի 6-ին նմանատիպ դեպք է գրանցվել Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Ալիգասիմլի գյուղում, որտեղ կախվել է 17-ամյա Այսուն Հաջիևան։

Երկու դեպքում էլ դատախազությունը քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով և, եթե ապացուցվի, որ աղջիկներն ինքնասպան են եղել հարկադիր ամուսնության սպառնալիքի պատճառով, ծնողներին 3-ից 7-ը տարվա ազատազրկում է սպառնում։

Ադրբեջանում օրենքը թույլ է տալիս ամուսնանալ 18-ը լրանալուն պես, սակայն շատ աղջիկներ՝ հատկապես հարավային շրջաններում, ամուսնանում են արդեն 15-17 տարեկանում և հաճախ՝ իրենց կամքին հակառակ։ Սովորաբար նման ամուսնությունները պաշտոնապես չեն գրանցվում՝ բավարարվելով միայն հարսանիքով։

Վաղ և հարկադիր ամուսնությունները տարածված խնդիր են Ադրբեջանում, ինչը պայմանավորված է նահապետական բարքերով: Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները փորձում են պայքարել դրա դեմ, սակայն առանց զգալի արդյունքի։

Եթե առաջին ինքնասպանությունը բողոք առաջացրեց հասարակության շրջանում, երկրորդից հետո իրավիճակն է՛լ ավելի սրվեց։ ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության չեզոքացման կոմիտեի անդամ Էլգյուն Սաֆարովը հիշեցնում է՝ այդ դեպքերը համապատասխանում են նաև «Կնոջն ամուսնության ստիպելը» հոդվածին։ Ճիշտ է, հոդվածը դեռ երբեք չի կիրառվել։ «Նման խնդիրներ առաջանալու են, քանի դեռ հասարակությունը չի պայքարում դրանց դեմ», – ասում է Սաֆարովը։

Խորհրդարանի պատգամավոր Այթեն Մուստաֆազադեն հույս ունի, որ ծնողների մեղքը կապացուցվի, և նրանք քրեական պատիժ կկրեն, ինչը դաս կլինի մյուսների համար։

Սոցցանցերում բուռն քննարկումների մասնակիցներն երկու ճամբարի են բաժանվել․ մեկը կատարվածի մեջ տեսնում է Ադրբեջանում տգիտության, սեքսիզմի և կանանց ու երեխաների իրավունքների խախտման դրսևորում, մյուսը կարծում է, թե հարկադիր ամուսնությունները կյանքին վերջ տալու առիթ չեն, և ինքնասպանությունների պատճառները պետք է այլ տեղ փնտրել։

Tekali Taxi