Առողջական խնդիրների պատճառով 2019թ․ հունիսին Վանաձորի թիվ 24 մանկապարտեզից դուրս մնացած երեխան Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում վերականգնվել է մանկապարտեզում։ Այս մասին 2019 թ․ հուլիսի 29-ին թվագրված գրությամբ հայտնել է Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
Խոսքի և զարգացման աուտիկ համախտանիշ ունեցող երեխայի մայրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել այն բանից հետո, երբ մանկապարտեզի տնօրենությունը տեղեկացրել էր, որ երեխան առողջական խնդիրների պատճառով չի կարող հաճախել մանկապարտեզ, և ուղղորդել էր դիմել ներառական կրթություն ապահովող մանկապարտեզներ։ Տնօրենը վկայակոչել էր նաև մանկապարտեզի այլ ծնողների դժգոհությունները։
Մինչ այդ տնօրենը երեխային մանկապարտեզ ընդունելու որևէ խոչընդոտ չէր տեսել և պահանջել էր միայն երեխայի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ։
Թե ինչպես էին մյուս ծնողները տեղեկացել երեխայի առողջական խնդիրների մասին, հայտնի չէ, բայց տնօրենի՝ ծնողին հայտնած տեղեկության համաձայն՝ մյուս երեխաների ծնողները դեմ են եղել առողջական այդ խնդիրներ ունեցող երեխայի մանկապարտեզ հաճախելուն և այդ հարցով դիմել են Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանին։
Դրանից հետո մայրը ստիպված է եղել լուծել մանկապարտեզի հետ կնքած պայմանագիրն ու այդ հարցով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։
Կազմակերպությունը 2019թ․ հունիսի 12-ին դիմել է Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ տեղեկություն ստանալու, թե ինչպես են մյուս ծնողներն իմացել երեխայի խնդրի մասին, երբ դա անձնական տվյալ է և հրապարակման ենթակա չէ, արդյոք այդ հարցով վարույթ է հարուցվել և արդյոք երեխայի ծնողը մասնակցել է դրա շրջանակում հարցի քննարկմանը, ինչ հանգամանքների բերումով է ծնողը ստիպված եղել լուծել պայմանագիրը։
Վանաձորի համայնքապետարանից պատասխան էին տվել միայն այն մասով, որ համայնքապետարանը ծնողներից դիմում չի ստացել, նրանք տնօրենին են դիմել, վերջինս էլ առաջարկել է երեխային տեղափոխել ներառական մանկապարտեզ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ․ հուլիսի 9-ին 2-րդ անգամ է դիմել Վանաձորի համայնքապետարան և տեղեկացրել, որ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ջ․ Ղուլիջանյանը երեխային զննելուց հետո 2019թ․ հուլիսի 3-ին եզրակացություն է տվել այն մասին, որ «երեխան կարող է հաճախել ոչ ներառական հաստատություն»։
Այս փաստերի և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է վերականգնել երեխայի խախտված իրավունքներն ու միջոցներ ձեռնարկել երեխային նույն մանկապարտեզում վերականգնելու ուղղությամբ։
2019թ․ հուլիսի 29-ին թվագրված գրությամբ Վանաձոր համայնքի ղեկավար Մ․ Ասլանյանը տեղեկացրել է, որ երեխան կվերականգնվի մանկապարտեզում։