Գլխավոր / Բնապահպանություն / Ամուլսարի պաշտպաններին ազատեցին․ գործեր են հարուցվել (թարմացված)

Ամուլսարի պաշտպաններին ազատեցին․ գործեր են հարուցվել (թարմացված)

18։30-ի դրությամբ բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել՝ վարչական գործեր հարուցելով՝ ոստիկանների պահանջներին չենթարկվելու հիմնավորմամբ։

17։43 Բերման ենթարկված Գեղամ Ադյանն սրտի արատ ունի։ Ինչպես հայտնում է Epress.am-ի լրագրողն, ով այժմ Ադյանի մոտ է գտնվում, ոստիկանները բերման ենթարկելիս քաշքշել ու հարվածել են երիտասարդին, մասնավորապես, դեմքին, ինչի հետևանքով նրա մոտ ուժեղ տախիկարդիա է սկսվել։ Ոստիկանության բաժանմուքնում Ադյանը կորցրել էր գիտակցությունը։ Այլ բերման ենթարկվածները ջուր էին խնդրում, ինչը մոտ 10 րոպե չէր արվում, դրանից հետո Ոստիկանության աշխատակիցները շտապ օգնություն են դիմել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ֊ում դիմեդրոլ են ներարկել, նախնական ախտորոշման համաձայն՝ տախիկարդիա, նևրաստենիա։ Բժիշկներն ասել են, որ զննության համար Ադյանը 45 000 դրամ պետք է վճարի, քանի որ պետպատվերի տակ չի ընկնում։ Այստեղ ժամանած ՄԻՊ իրավաբանները կապվել են Առողջապահության նախարարության հետ, արդյունքում սրտաբանն ու նյարդաբանը անվճար զննել են Ադյանին։ Նրան արդեն դուրս են գրել, սակայն առողջական վիճակը կայուն չէ․ համապարփակ ստուգման կարիք կա, ասել են բժիշկները։

15։22 Ոստիկանները Բաղրամյան փողոցի երթևեկելի մասից մարդկանց մայթերին հրելու ժամանակ բերման են ենթարկել Միքայել Մարգարյանին, Անի Խաչատրյանին, Հարություն Սիմոնյանին, Անի Հակոբջանյանին, Գեղամ Գևորգյանին, Ռոլանդ Վարդանյանին և Գեղամ Ադյանին։ Վերջինիս ինքնազգացուղությունը վատացել է։ Բերման ենթարկվածների մի մասը ոստիկանության Արաբկիրի բաժնում են, իրենց արդեն այցելել է օմբուդսմենը։

Փողոցը փակելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ոստիկանները արգելեցին հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի այգում, որը բացվել է 2018-ի թավշյա հեղափոխության արդյունքում։

Մարդիկ ցանկանում էին քննարկել Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ ջերմուկցիների և բնապահնների՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կանխելու թեմայով հանդիպման արդյունքները։

Այս պահին Ամուլսարի պաշտպանները դեռ փողոցում են։

Tekali Taxi