Home / Հայաստան / ՊԵԿ նախկին նախագահին բերման կենթարկեն ԱԱԾ

ՊԵԿ նախկին նախագահին բերման կենթարկեն ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացնում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում: «Դեռևս շարունակվում է խուզարկությունը և խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ, ըստ ԱԱԾ տնօրենի, քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Նա նշեց՝ չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, նաև կլրացվի այլ հոդվածներով։ Խոսքը պաշտոնավարման տարիների մասին է։

Հարցին, թե ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը, Վանեցյանը պատասխանեց. «Տասնյակ միլիոնավոր դոլարներ»։

«Մեղադրանքը 72 ժամվա ընթացքում է լինում, այսինքն բերման ենթարկելուց հետո մենք ունենք 72 ժամ։ Կձերբակալվի, թե ոչ, կորոշեն մեր քննիչները։ Նոր տեղեկացա, որ Ծաղկաձորի տանն է խուզարկությունը ավարտվում, և Ծաղկաձորից կժամանեն Երևան, կգան Քննչական դեպարտամենտ, որից հետո որոշում կկայացվի», – նշեց ԱԱԾ տնօրենը։

Խաչատրյանի հետ կապ ունեցող մարդկանց մասին հարցին պատասխանելիս, Վանեցյանը միայն մեկ հոգու անուն տվեց՝ Կարեն Խաչատրյան՝ ընդգծելով, որ վերջինս ևս բերման կենթարկվի։

Tekali Taxi