Home / Կրթություն / Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոս բարձրացնելու նպատակով կհատկացվի 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ: Գումարը կտրամադրվի 2019 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից:

«Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով», – ասել է նախարար Արայիկ Հարությունյանը և նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել այս տարվա սեպտեմբերից:

«Մենք պատրաստվում ենք սահմանել դպրոցների ֆինանսավորման բանաձև, որտեղ մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար դրամ: Հույս ունեմ, որ դա մենք կունենանք հունվարից: Այն մեզ թույլ կտա ավելի կանխատեսելի դարձնել համակարգը և չունենալ այն մեծ տարբերությունները, որոնք առկա են դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Այսինքն՝ ֆինանսավորման համակարգն ավելի արդար կլինի. բացի ըստ աշակերտի, հաշվի կառնվեն նաև դպրոցների այլ կարիքները՝ դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն», – նշել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք աշխատավարձի բարձրացումը նույն չափով համատարած է, Արայիկ Հարությունյանը դրական պատասխան է տվել և հերքել համատարած կտճատումների մասին շրջանառվող լուրերը․ «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում, և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ: Այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա»։

«Սա կարևորագույն խնդիր է, որովհետև պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդիրը լուծելու համար մենք աշխատավարձի բարձրացումն անընդհատ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում։ Իհարկե, այս աճը մենք չենք համարում, որ, ենթադրենք, հեղափոխական է, բայց մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել, որ որակի հետ ուղիղ առնչություն ունենան»:

Tekali Taxi