Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանի եղբորը նոր մեղադրանք է առաջադրվել

Սերժ Սարգսյանի եղբորը նոր մեղադրանք է առաջադրվել

«Հյուսիս հարավ»-ի գործով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։ Լյովա Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ««Հյուսիս-Հարավ»-ի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ Կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ,  փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

«Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես  ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում,» — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախկին նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամաբ անցյալ տարի արդեն իսկ հետախուզում էր հայտարարվել՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով։

Tekali Taxi