Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքը մեղադրվում է ապօրինի հարստանալու մեջ։ Լևոն Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ առնչվող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը Քր․ օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է քննում: Դրա շրջանակներում Սարգսյանների բնակության վայրում խուզարկությամբ Լևոնի, Նարեկի և վերջինիս քրոջ Անի Սարգսյանի անվամբ 2017թ. ընթացքում որպես ավանդ ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր են հայտնաբերվել։
ՊԵԿ֊ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Լևոն Սարգսյանը 2017 թվականի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և հայտարարատու պաշտոնատար անձ: Նա և Անի Սարգսյանը հայտարարագրերում չեն նշել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Փաստորեն, նշում է ՊԵԿ֊ը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են։
«Հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Բացի դա, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը, սակայն, չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:
Հաշվի առնելով վերոնշյալը, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը) և 310.1-ին հոդվածի 1-ին (Ապօրինի հարստանալը) հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: