Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբելի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լքելու է ԱԱԾ֊ում զբաղեցրած պաշտոնը, որպեսզի կենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու համար։ Այս մասին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ստորագրել է Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը, համապատասխան հրամանագիրը սպասվում է մոտակա օրերին։
«Դա տեղի է ունեցել, կարելի է ասել, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ։ Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքերից հետո՝ ասուլիսի ժամանակ Վանեցյանը ֆեյբուքի իր էջում հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է․ «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: