Գլխավոր / Վերլուծություն / Վանեցյանի ռեսուրսը Ռուսաստանի չերևացող աջակցությունը կարող է լինել

Վանեցյանի ռեսուրսը Ռուսաստանի չերևացող աջակցությունը կարող է լինել

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համար ԱԱԾ տնօրենի հրաժարականը շատ հետաքրքիր ձևով տեղի ունեցավ. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսին արված՝ համապատասխան միջնորդագիրը ստորագրելու մասին հայտարարությունից վայրկյաններ անց Արթուր Վանեցյանն արեց իր քաղաքական հայտարարությունը։

«Ընդգծված քաղաքական հայտարարություն, որն ավելի շուտ նման էր դուռը շրխկացնելով փակելուն, քան հրաժարականի։ Ընդհանրապես, տարբեր երկրներում ուժային կառույցների ղեկավարները հրաժարական են տալիս։ Եթե անգամ համաձայն չեն առաջին դեմքի հետ, ընդունված է չեզոք տեքստ գրելը։ Բայց սա բավականին խիստ տոնով էր: Եվ գնահատական տրվեց, ի դեպ, նաև վարչապետին՝ «որոշումները հախուռն են», «հիմնականը երկրորդականից չտարբերելը» և այլն»։

Ըստ նրա՝ պատահական չէր, որ երեկ «Քաղաքացիական պայմանագրի» նիստից հետո կուսակցության անդամները փորձում էին համոզել, որ վարչապետն է Վանեցյանին հեռացրել աշխատանքից և ոչ թե նա՛ է հեռացել։

Իսկ Փաշինյանի կողմից ասուլիսի ընթացքում տվյալ լուրը հայտնելը քաղտեխնոլոգիայի տեսանկյունից գրագետ քայլ էր․ հրաժարականի հարցն ամբողջությամբ փակեց բուն ասուլիսը։

Մեկնաբանելով Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հավանականությունը, մասնագետը շեշտեց, որ հենց նա, ի տարբերություն երկրորդ նախագահի, կարող է այլընտրանք դառնալ իշխանությունների համար․ «Դրա համար էր, որ վարչապետն իր մամուլի խոսնակի միջոցով բավականին կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը, հասկանալով, որ այսօրվա իշխանություններից դժգոհ մասն ավելի հեշտ կթեքվի դեպի ԱԱԾ նախկին տնօրենը, քան դեպի երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահի կողմից չեն գնա, կարող են աջակցել, բայց նրան չեն դիտելու որպես իշխանություն գալու հնարավորություն»։ Հիշեցնենք, որ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ պետք է պարզել, թե ով է գրել Վանեցյանի  հրաժարականի տեքստը՝ ակնարկելով նրա կապը քրեական հետապնդումից դեռևս խուսափող կոռուպցիոն շրջանակների հետ։

Շարունակելով խոսել Արթուր Վանեցյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու պոտենցիալ հնարավոր տարբերակների մասին, Բադալյանը ռեսուրսներին անդրադարձավ։ Փաշինյանի վարկանիշը դեռ բարձր է, ասաց Բադալյանը, բայց գնում է դեպի անկում, իսկ այդ դեպքում, եթե ԱԱԾ նախկին տնօրենն ունենա նույնիսկ ներկայիս վարկանիշը, իրադարձությունների նման զարգացման պարագայում կարելի է համարել, որ վերջինս հաղթում է այս ցուցանիշով։

Ռեսուրսներից մեկն է նաև տեղեկություններին տիրապետելը․ այստեղ վարչապետն ու Վանեցյանը հավասար են, սակայն արտաքին քաղաքական որևիցե ուժային կենտրոնի աջակցության առումով, ինչը, Բադալյանի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանում իշխանության գալու համար, Վանեցյանը «հաղթում է»։

«Այս պահի դրությամբ վարչապետը դա չունի․ նրա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խնդրահարույց են, մեղմ ասած, Եվրամիությունը նրան ուղղակի արդեն դուրս է գրել, հիշո՞ւմ եք էն լուսանկարը, որտեղ վարչապետին Պորոշենկոյով ծածկել են, դա պատահական չի լինում։ Երրորդը՝ Միացյալ Նահանգներից այս պահի դրությամբ տեսանելի աջակցություն չկա։ Ի տարբերություն նրան, ԱԱԾ տնօրենն ուներ Ռուսաստանի չերևացող աջակցությունը, սա շատ կարևոր ռեսուրս է, որը հետագայում անպայման կաշխատեցվի», – հայտարարել է Արմեն Բադալյանը։

Tekali Taxi