«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)», ֊ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնը զբաղեցնող Հ.Գ.-ն»,- գրել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը»։