Home / Հայաստան / «Մուլտի գրուպի» տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպի» տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Հյուսիս-Հարավ»-ի քրեական գործի շրջանակում մաղադրյալի կարգավիճակ ունեցող «Սթոնս» ընկերության փաստացի ղեկավար Սեդրակ Առուստամյանի (այժմ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է։ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայր, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, իսկ սեպտեմբերի 21-ին (նույն գործով) փողերի լվացման համար։

Նույն քրեական գործի շրջանակներում նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Առուստամյանի հետ աշխատող Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին: Նրանց խափանման միջոցը դատարանը ևս փոխել է․  Ավագյանն ու Սարգսյանը ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: