Home / Դատարան / Կատալոնիայի նախկին առաջնորդները դատապարտվեցին 9-13 տարվա ազատազրկման

Կատալոնիայի նախկին առաջնորդները դատապարտվեցին 9-13 տարվա ազատազրկման

Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի անջատականների 9 առաջնորդների 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց: Եվս երեքը մեղադրվում են անհնազանդության մեջ, սակայն խափանման միջոցը դեռևս պարզ չէ։

13 տարվա ազատազրկման է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը, ով կալանավորված է 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո:

Բոլոր 12 քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, այդ թվում Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակը, Ներքին գործերի նախարարը, Կատալոնիայի արդարադատության նախարարը և շրջանային կառավարության այլ ներկայացուցիչներ, հերքել են իրենց մեղադրանքը։

Վճռի կայացումից հետո Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմանկիցներ երթ կազմակերպեցին Բարսելոնայում՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» պլակատներով ու իրենց կողմնակիցներին փողոց դուրս գալու կոչերով։

Սկզբում մեղադրող կողմը Ժունկերասի համար 25 տարվա ազատազրկում էր պահանջում։ Արդյունքում ժամկետը կրճատվեց մինչև 13 տարի՝ խռովությունների հրահրման և պետական միջոցների ոչ նպատակային ծախսման համար։

Ապստամբության կազմակերպման հետ կապված ավելի լուրջ մեղադրանքներով 9 առաջնորդներ անմեղ ճանաչվեցին։

Ձերբակալվածների մի մասը Կատալոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, մյուսները երկրում հայտնի էին իրենց քաղաքացիական և հասարակական գործունեությամբ։

Վճիռը կայացվեց չորս ամիս տևած լսումներից հետո։

Լսումների ավարտից առաջ՝ հունիսի 12-ին, բոլորին դիրքորոշում հայտնելու հնարավորություն տրվեց։ Գրեթե բոլորը նշեցին, որ դատական պրոցեսը կեղծ մեղադրանքների վրա է հիմնված։

Իրենց եզրափակիչ խոսքում մեղադրվող կողմի փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում խռովություններ հրահրելու և ապստամբություն բարձրացնելու մեղադրանքը, սակայն  ընդունում են անհնազանդությունն ու ավելի մեղմ իրավախախտումները, որոնց համար կարող են ազատվել պետական ծառայությունից՝ մնալով ազատության մեջ։

Կատալոնիայի նախկին շրջանային ղեկավար Կառլես Պուչդեմոնը իր գաղափարակից գործընկերների նկատմամբ դատական վճիռները որակեց որպես վայրենի։

«Եկել է հակազդելու ժամանակը… հանուն մեր դուստրերի ու որդիների ապագայի։ Հանուն ժողովրդավարության։ Հանուն Եվրոպայի։ Հանուն Կատալոնիայի»,- թվիթերի իր էջում գրել է Պուչդեմոնը, ով այժմ վտարման մեջ է։

Հիշեցնենք, որ Իսպանիայից անկախանալու՝ կատալոնացիների հանրաքվեն Մադրիդի սահմանադրական դատարանը ապօրինի էր ճանաչել, ինչից հետո կիրառվել էր 155-րդ հոդվածը․ սառեցնել Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը և ուղղակի կառավարում մտցնել ինքնավար շրջանում։

Tekali Taxi