Home / Ազգային ժողով / Վիտալի Բալասանյանը՝ տիպիկ օրինակ․ պատգամավորը ատելության խոսքի մասին

Վիտալի Բալասանյանը՝ տիպիկ օրինակ․ պատգամավորը ատելության խոսքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը համամիտ չէ այն մտքի հետ, թե ատելության խոսքն այն աստիճանի է հասել, որ դրա մասին խոսում են Ազգային ժողովում։ Պարզապես, ըստ նրա, կառավարող ուժը շատ զգայուն է հասարակական հարաբերությունների և բռնության մերժման հետ կապված հարցերում․ «Այնպես չէ, որ նախկինում Հայաստանում բռնության մշակույթը չի գերիշխել, ընդհակառակը՝ շատ ավելի ուժգին է եղել, պարզապես մենք դա համարում ենք նաև մեր հանրությունից մեզ տրված մանդատի շրջանակներում հանձնարարություն՝ անպայման այնպես անել, որ «ոչ բռնությանը» մշակույթը գերիշխի»։

Հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ընթացքում պատգամավորն՝ արձանագրելով, որ երկիրը հետհեղափոխական փուլում է գտնվում և որոշ գործընթացներ հետցնցումային երևույթներ են, նկատել է՝ դրանք բավականին լուսանցքային են և դրա դրսևորումները կապված են նաև դատական բարեփոխումների կամ այլ գործընթացների հետ․ «Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում դրանք դուրս կմղվեն, դրանց որոշ դրսևորումներ կապված են Հայաստանում տեղի ունեցող դատական բարեփոխումների կամ այլ գործընթացների հետ, այսինքն՝ պարզ է, որ խմբերը, որոնց շահերից չեն բխում այդ խորքային բարեփոխումները, դիմադրություն պետք է ցույց տան ցանկացած կերպ»։

Ավելի վաղ Կարապետյանն ԱԺ֊ում նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նշելով իրավական մեխանիզմների անհրաժեշտության առկայությունը՝ խտրական և ատելության խոսքի մասին օրենսդրության ընդունման տեսքով։ Խոսելով տվյալ երևույթները կանխելու՝ իր պատկերացրած գործիքակազմերի մասին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ, նախ, հանրային պաշտոնյաները պետք է հույժ ուշադիր լինեն իրենց խոսքին, որպեսզի չսրեն իրադրությունը։ Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական միջոցառումներին, հանրային քննարկումների ֆորմատով արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել բռնության կոչերը քրեականացնող նախաձեռնությունը․ «Բռնության կոչը շատ ավելի ծայրահեղ դրսևորում է ատելության խոսքի։ Իսկ որպեսզի ատելության խոսքի պատճառով սանկցիա կիրառվի, դա չի կարող լինել մեկանգամյա սայթաքում, այստեղ խոսքը գնում է շարունակաբար և միտումնավոր թիրախավորելու մասին»։ Ամեն դեպքում, սա երկարատև գործընթաց է, որը լայն հանրային իրազեկվածություն է պահանջում, և եթե հանրությանը հաջողվի մերժել ատելության խոսքի դրսևորումները, օրենքն, ըստ պատգամավորի, ավելի քիչ բան կունենա կարգավորելու։

Օրինակ, Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետին և «Սասնա ծռեր»֊ին ֆիզիկապես ոչնչացնելու մասին հայտարարությունը և՛ ատելության, և՛ բռնության խոսք կարելի է համարել։ Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայորի հարցազրույցն, ըստ Մարիա Կարապետյանի, տիպիկ օրինակ է նրա, թե ինչից պետք է զերծ մնան հանրային պաշտոնյաները և հանրության շրջանում հեղինակություն վայելելուն հավակնող անձինք։

Անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի հետ տեղի ունեցածին, պատգամավորը նշեց, որ իրեն որպես լրատվամիջոց դիրքավորող դերակատարի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չի կարող արդարացում ունենալ․ «Ուղերձը, որով կատարվել է այդ ակցիան, գուցե, բխում է քաղաքացիների էմոցիաներից, բայց մեր քաղաքացիները պետք է դատողություն անեն ոչ միայն ուղերձի բովանդակության, այլև մեթոների մասին՝ անկախ նրանից, թե «Հայելի»֊ն ինչպիսի վարք է դրսևորել, նրանց հաճելի է այդ վարքը, թե ոչ։

Մի հանգամանք էլ պետք է հաշվի առնենք, որ շատ հաճախ էս գործընթացներում որոշ դերակատարներ հենց բռնություն սադրելու նպատակ ունեն․ կա՛մ իրենք են սադրում բռնություն, կա՛մ սադրում են բռնություն՝ ներքաշելու համար մյուս դերակատարներին, քաղաքացիներին, որոնք շատ ազնիվ մղումներ կարող են ունենալ՝ բռնության և ավտորիտարիզմի վերարտադրման դեմ»։

Իշխանությունները որոշ ժամանակ չէին արձագանքում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»֊ի հետ կապված իրավիճակին՝ կարծելով, որ գործընթացը կարելի է տեղավորել մարդկանց ազատ խոսքի և ակցիաների շրջանակներում։ Կարապետյանը նշել է, որ իշխող ուժը քննադատվում էր դրա համար։ Իսկ արձագանք եղավ, երբ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի գլխավորությամբ գործող խումբն անցավ «կարմիր գիծը»։

«Մեր արձագանքը եղավ կարմիր գիծն անցնելու պարագայում․ թիրախավորվում էր ոչ թե քաղհասարակության ներկայացուցիչն, այլ էդ կազմակերպության շահառուներն՝ ուսուցիչները, ովքեր իրենց ամառն անցկացրել էին երեխաներին տառաճանաչություն սովորեցնելով։ Կազմակերպության աշխատակիցն ստիպված էր փողոց դուրս գալ և իր մարմնով պաշտպանել ուսուցիչներին, որոնք փորձում էին հիմնադրամի տարածքից դուրս գալ», ֊ հիշեցրեց պատգամավորն՝ ավելացնելով, որ պետք չէ համեմատել քաղաքացիական հասարակության այն դերակատարներին, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում առաջ են մղել ազատ խոսքի և մարդու իրավունքների օրակարգերը, սադրանք/հրահրում իրականացնողների հետ։

Tekali Taxi