Home / Հայաստան / Լիբանանը մերն է․ երևանյան ցույցն աջակցում է հեղափոխությանը

Լիբանանը մերն է․ երևանյան ցույցն աջակցում է հեղափոխությանը

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի մոտակայքում, մի խումբ լիբանանահայեր և հայաստանաբնակ լիբանանցիներն իրենց աջակցությունը հայտնեցին այդ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասաց հավաքի մասնակիցներից մեկը, Հայաստանում իրենք իրենց լավ են զգում, սակայն կցանկանային, որ Լիբանանում հեղափոխություն տեղի ունենար․ ցուցարարների հարազատների մեծ մասն այնտեղ է ապրում։

Հավաքվածները երգում, պարում, կարգախոսներ էին հնչեցնում, ինչպես նաև կատարում Լիբանանի և Հայաստանի օրհներգները։

Վերջին շրջանում Լիբանանը ժողովրդական հեղափոխության եզրին է հայտնվել։ Երեք օր առաջ Զինված ուժերը հայտարարել են ժողովրդի կողմն անցնելու մասին։ 9 օր է, ինչ մարդիկ դուրս են եկել Սաադ Հարիրիի կառավարության դեմ, որին մեղադրում են կոռուպցիայի, «քաղաքական գիրացման» և հասարակ մարդկանց կարիքների նկատմամբ բացարձակ անուշադրության մեջ։

Նրանք պահանջում են կոռումպացված կառավարության հրաժարականը, «տեխնոկրատների» նոր կաբինետի ձևավորում և մասշտաբային տնտեսական բարեփոխումների իրականացում։ Ըստ Համաշխարհային բանկի՝ Լիբանանի բնակչության մեկ քառորդից ավելին ապրում է աղքատության նշագծից ցած պայմաններում։ 6 միլիոն բնակչություն ունեցող երկրի խնդիրներին ավելացել է 1․5 միլիոն փախստականների ներհոսքը պատերազմով պատված Սիրիայից։

Լիբանանի մի շարք քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում օրեր շարունակ արգելափակված են կենտրոնական փողոցները, չեն գործում, մասնավորապես, կրթական հաստատություններն ու որոշ բանկերը։