Home / Հայաստան / Պարզ չէ՝ հնդիկների մուտքը Հայաստան դժվարացնելու պատճառը

Պարզ չէ՝ հնդիկների մուտքը Հայաստան դժվարացնելու պատճառը

Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստի ընթացքում հայտարարել է, որ «այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի մուտքի արտոնագիր կստանան որոշ սահմանափակումներով»։ Չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչ է նշանակում «վիզայի մեխանիկական տրամադրում» և որն է լինելու նոր՝ «ոչ մեխանիկական» ձևը։ Epress.am-ը փորձեց ճշտել` արդյոք Հնդկաստանի քաղաքացիները ստիպված կլինեն Հայաստան գալու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։

Փոխնախարարը ասել է, որ կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել գործող արտոնագրային ռեժիմում, որի նախկին տարբերակով Հնդկաստանի քաղաքացիներն արտոնագիր ստանում էին օդանավակայաններում կամ մուտքի ստուգման այլ կետերում: «Այժմ մենք նոր սահմանափակումներ ենք մտցրել, որոնք նվազեցնում են Հնդկաստանի քաղաքացիների՝ տուրիստական նպատակներով Հայաստան գալու հնարավորությունները։ Օդանավակայաններում կամ սահմանային կետերում արտոնագրի տրամադրումը, որը նախկինում արվում էր գրեթե մեխանիկորեն, այժմ կիրականացվի որոշ սահմանափակումներով»։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկությունների համաձայն, Հնդկաստանի քաղաքացանիները պետք է ներկայացնեն անձնագիր, լուսանկար, արտոնագրի վճարի անդորրագիր, լրացված դիմումի ձև` որպես փաստաթղթերի պարտադիր ցուցակ, ու լրացուցիչ ոչ պարտադիր փաստաթղթեր՝ այցի նպատակի կամ հյուրանոցի ամրագրման մասին։ Նախարարության պաշտոնական կայքում այլ տեղեկատվություն ներկայացված չէ։

Այնուամենայնիվ, եթե Հայաստանում արդեն գործում է նոր կանոնակարգ, ապա պետք է թափանցիկ ցուցումներ ներկայացվեն վիզայի տրամադրման կամ վերամշակման պահանջների վերաբերյալ, հակառակ դեպքում պարզ չէ՝ ինչ հիմքով կարող է մուտքի վիզան մերժվել կամ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել անցակետերում արտոնագրի «ոչ մեխանիկական» տրամադրման ժամանակ։

Հայաստանում Հնդկաստանի դեսպանության կայքում կարելի է տեսնել «Խորհրդատվություն Հնդկաստանի քաղաքացիների համար» պատուհանը: Այն հիշեցնում է, որ Հայաստանի կառավարությունը 2017 թվականի նոյեմբերի 22-ին դյուրացրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ երաշխավորելով վիզայի ստացման հնարավորությունը ժամանման պահին։ Հայտարարությունը, սակայն, նախազգուշացնում է, որ «վերջերս որոշ անբարեխիղճ տուրիստական գործակալություններ մոլորեցնում են Հնդկաստանի քաղաքացիներին՝ ասելով, որ Հայաստանն առաջարկում է աշխատանք ամսական մինչև 900 ԱՄՆ դոլար վարձատվությամբ: Հարկ է նշել, որ Հայաստանում առավել հաճախ առաջարկում են միայն 200 ԱՄՆ դոլար աշխատավարձ»:

Դեսպանության կայքում նաև նշվում է, որ Հնդկաստանի քաղաքացիների համար անհնար է Հայաստանում կացության թույլտվություն ստանալ, և որ Հայաստանից Ռուսաստան կամ Եվրոպա հետագա ճանապարհորդությունը նույնքան դժվար է, որքան Հնդկաստանից:

Պարզ չէ, Հայաստանի կառավարությունը փորձում է վիզային համակարգի վերանայմամբ աշխատանքի շուկա՞ն կարգավորել, թե՞ պայքարել «անբարեխիղճ տուրիստական գործակալությունների» դեմ։

Tekali Taxi