Home / Համայնքներ / Քաղաքը նվերի դիմաց բան չի տալի՞ս․ աղբատար մեքենաներ՝ պաշտոնյաների և գործարարների կողմից

Քաղաքը նվերի դիմաց բան չի տալի՞ս․ աղբատար մեքենաներ՝ պաշտոնյաների և գործարարների կողմից

Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-ին հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները։ Տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող մեքենաների նվիրատուների ցանկը մինչ այդ չէր հանրայնացվում, ինչը որոշակի կասկածների տեղիք էր տալիս։ Հանրայնացումը, ճիշտ է, կասկածները չփարատեց՝ քաղաքապետարանին ավտոմեքենաներ նվիրաբերած ընկերությունները, պարզվեց, փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Նրանցից ոմանք այլ՝ աղբահանության հետ կապ չունեցող բնագավառներում, համագործակցում են քաղաքապետարանի հետ։

Համաձայն հրապարակած ցանկի, 14 աղբատար մեքենա համայնքին նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կապվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի անվան հետ, 3 մեքենա՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը կապվում է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, մեկ աղբատար մեքենա՝ «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը, որը պատկանում է նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին։ Նվիրատուների ցանկում են նաև Չինաստանի դեսպանությունը և Գևորգ Խուրշուդյանը։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը քիչ առաջ՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանը 3 աղբատար մեքենաների դիմաց օրինականացրել է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 6 հեկտար տարածք զբաղեցնող ինքնակամ շինությունը։

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 6 հա, որը քաղաքապետը իր որոշմամբ օրինականցրել է։ Եթե դուք մտաբերեք այս անուն-ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ անուն-ազգանունին, իսկ Օհանով 15/ 1 այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը», – ասած Խաժակյանը։

Նրա խոսքերով, ինքակամ կառույցը օրինականացնելու համար քաղաքապետարան դիմել են սեպտեմբերի 23-ին՝ այն ժամանակահատվածում, երբ համայնքը Ալեքսանյանի հորեղբոր որդու ընկերությունից ստացել է աղբատար մեքենաները։

Քաղաքապետարանն այս (արդեն հերթական) մեղադրանքին դեռևս չի պատասխանել։

Հիշեցնենք, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը երեկ՝ նվիրատուների ցանկը հրապարակելուց հետո, մամուլի ասուլիս հրավիրեց, որի ընթացքում՝ փորձելով փարատել կասկածները, «կրկին շեշտեց»՝  եթե մեկը, ով զբաղվում է բիզնեսով՝ ունի առնչություն քաղաքապետարանի հետ թե չունի, որոշում է իր բիզնեսից, իր ստացած շահույթից կամ առհասարակ իր ազատ միջոցներից նվիրաբերել քաղաքապետարանին, քաղաքապետարանը դրանում միայն դրական բան է տեսնում և որ «քաղաքը նվեր տալու դիմաց որևէ բան չի տալիս, որևէ պարտականություն իր վրա չի վերցնում»։

Լրագրողները հիշեցրեցին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքերը․ Վիրաբյանը դեռևս հոկտեմբերին, ճիշտ է՝ այլ համատեքստում, հայտարարել էր․ «Նախկինում հովանավորչական օժանդակություն և նվիրատվություններ են եղել, ինչն այս տարի չկա: Որովհետև նվերները ուղղակի չեն լինում, և մենք միմիայն ծախսում ենք այն բյուջեն, որը նախատեսում է Երևանի քաղաքի բյուջեով»։

Ինչպե՞ս է ստացվում, որ այս պարագայում նվիրատվություններ ընդունվում են հարցին Կարապետյանը պատասխանեց․

«Քաղաքային տնտեսության օժանդակ միջոցները՝ տեխնիկա, գույք, բնակմակերես, որոնք բացառապես և միայն այն դեպքերում են ընդունվում, երբ դրա դիմաց, ես կոնկրետ գիտեմ դեպք, երբ մարդը առաջարկել է ինչ-որ գույք նվիրել քաղաքին, դրա փոխարեն խնդրել է գովազդային ինչ-որ բաներ: Քաղաքապետը մերժել է այդ դիմումը, որովհետև դա քարացած սկզբունք է, քաղաքը նվեր տալու դիմաց որևէ բան չի տալիս, որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի ասածին, պարոն Վիրաբյանը կոնկրետ տվյալ կոնտեքստում էր ասում․ այսինքն՝ գալիս են կազմակերպություններ և ասում են՝ մենք կանենք էսպես համերգը կամ միջոցառումը, բայց այնտեղ պետք է լինի էսինչ կոմպոնենտը, կամ համերգը պետք է ունենա էս բովանդակությունը: Այդ կոնտեքստում ցանկալի չէ նվիրատվությունների կամ հովանավորության ընդունումը»։

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին տրամադրված շինթույլտվությունների և հասցեների մասին հարցը արժանացավ նույնաբովանդակ պատասխանի․ քաղաքապետարանի խոսնակն այս կապակցությամբ ասաց, թե ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի անվան հետ կապվող «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն [Դավթաշենում բնակելի համալիր կառուցելու] շինթույլտվությունը ստացել է նվիրատվությունից առաջ. ««Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունը շինարարությամբ է զբաղվում։ Կարծում եմ, [շինթույլտվությունը] առաջ է ստացել, ընդ որում՝ զգալի ժամանակ առաջ»։

Ինչ վարեբերում է գործարար Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը, որը, ինչպես պարզվեց, քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» մակնիշի աղբատար է նվիրել,  քաղաքապետի խոսնակը ասաց՝ Սամվել Ալեքսյանը Երևանին աղբատար մեքենաներ չի նվիրել։

«Եթե դուք կարծում եք, որ [նվիրաբերած ընկերությունը] «Ալեքս հոլդինգն» է և Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունի, ես ասում եմ՝ ես չեմ կարող, առավել ևս Հայկ Մարությանը չի կարող անել հայտարարություն ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա», – ասաց Կարապետյանը։

Նա նշեց նաև, որ եթե ապագայում Սամվել Ալեքսանյանը որոշի ինչ որ նվեր մատուցել Երևանին, քաղաքը, հավանաբար, չի հրաժարվի։

Tekali Taxi