Home / Ազգային ժողով / Ընտրությունների գնման գործընթացը Ղարաբաղում վաղուց է մեկնարկել

Ընտրությունների գնման գործընթացը Ղարաբաղում վաղուց է մեկնարկել

Ընտրությունների վրա Ղարաբաղում այսօր աննախադեպ գումարներ են ծախսվում։ Այդպիսի գումարներ Հայաստանում երբեք չեն ծախսվել մեկ ձայնի հաշվով։ Թեև քարոզարշավը դեռ չի մեկնարկել, տարբեր հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով գնում է ժողովրդի տոտալ կաշառում: Կազմակերպվում են ուսանողների կամ նրանց դասախոսների ճամբարներ դեպի Դիլիջան, Երևան կամ Սև ծովի ափեր։  ․․․Հիմնադրամներ են բացվում, որոնք մարդկանց անտոկոս վարկեր են առաջարկում կամ փոքր տոկոսներով փոխառություններ, և այլն։ Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կամ նրան համակրող հիմնադրամների միջոցով այդ ամենն արդեն վաղուց իրականացվում է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հրապարակայնորեն պատմում է Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։

Նրա խոսքով՝ վտանգը, որ 2020 թվականի գարնանը անցկացվելիք ընտրություններն Արցախում խախտումներով կարող են անցնել, մշտապես կա․ «Ամեն պահի, երբ որ հնարավորություն ունենան Արցախի իշխանությունները կամ իշխանական ուժերը, կեղծելու են ընտրությունը»։ Պատգամավորի կարծիքով՝ եթե Երևանը ջանքեր գործադրի, մեծաթիվ դիտորդների ներկայության շնորհիվ հնարավոր է, որ բուն ընտրությունների օրը կեղծիքներ տեղի չունենան, սակայն քարոզարշավի մեկնարկից ամիսներ առաջ ծավալվող «ձայների գնման» այս գործընթացին իրավական գնահատական դժվար թե տրվի։

Այս համատեքստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական անդրադարձը գալիք ընտրություններին Խանումյանը տեղին է համարում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և գալիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած որոշ գործիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կարևորեց Ղարաբաղում 2020 թվականի գարնանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և վերահաստատեց, որ Հայաստանի կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Ղարաբաղի իշխանություններին:

Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցում էին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂ նախկին վարչապետ, խոշոր ձեռնարկատեր Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ներկա էր նաև «Դաշնակցության» Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով, ի տարբերություն մյուսների, ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություններ դեռևս չի արել։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աջակից, 2018-ի հեղափոխության աջակիցներին և Նիկոլ Փաշինյանին սպառնացող Վիտալի Բալասանյանը, ով նույնպես հայտարարել է գալիք ընտրություններում առաջադրելու մասին, հանդիպմանը չի հրավիրվել։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Հայաստանի վարչապետի համար կարևոր է եղել, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»։

Կիրակի օրվա հանդիպմանը չի հրավիրվել նաև Հայկ Խանումյանը, ով ևս մտադիր է նախագահի պաշտոնում թեկնածություն առաջադրել։ Ինքը՝ Խանումյանը, դա արտառոց չի համարում․ – «Նախ, [թեկնածուներին] վարչապետը չի հանդիպել՝ վարչապետն ու Բակո Սահակյանն են հանդիպել։ Հանդիպել են Բակո Սահակյանի թիմակիցների հետ, այսինքն՝ մարդկանց, ովքեր աջակցել են Բակո Սահակյանին երրորդ՝ ապօրինի ժամկետում առաջադրվելու հարցում: Մենք քննադատել ենք այդ գործիչներին։ Նրանց հետ նույն ձևաչափով քննարկումներին, բնականաբար, ես ներկա լինել չէի կարող», – ասում է պատգամավորը։

Վարչապետի հետ հանդիպմանը չէին հրավիրվել նաև թեկնածություն առաջադրած Ռուսլան Իսրայելյանը և Քրիստինե Բալայանը։

2020-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում միաժամանակ տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընտրություններից անմիջապես հետո Ղարաբաղում ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու 2017 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրությունը, որով Ղարաբաղը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կկատարի նախագահական համակարգի։ Կվերացվի վարչապետի ինստիտուտը, նախագահը կդառնա կառավարության ղեկավար։

Գալիք ընտրություններին առաջադրվելու վերջնաժամկետը 2020-ի փետրվարն է։ Այս պահին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել են Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը, Ռուսլան Իսրայելյանը և Քրիստինե Բալայանը։

Նախկին հրամանատար և նորաստեղծ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվեց վերջին հինգ տարում Ղարաբաղի քաղաքացիություն չունենալու և մշտական բնակության պահանջը չբավարարելու պատճառով։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը կմասնակցի միայն խորհրդարանական ընտրություններին։

Tekali Taxi