Գլխավոր / Կրթություն / Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, ուսմասվարին և տեխնոլոգիայի ուսուցչին

Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, ուսմասվարին և տեխնոլոգիայի ուսուցչին

Վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և յուրացում կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենին, ուսմասվարին և տեխնոլոգիայի ուսուցչին, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։ Միջնակարգ դպրոցից վատնման եղանակով հափշտակված 6.131.143 դրամն ամբողջությամբ վերականգնվել է։

ՔԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք․ «Տնօրենը, հաստատապես տեղյակ լինելով նույն դպրոցում որպես տեխնոլոգիայի ուսուցիչ և համատեղության կարգով էլեկտրիկ գրանցված անձի՝ 2014 թվականի հունվարից մինչև 2018 թվականի վերջ, ինչպես նաև նույն դպրոցում որպես դաստիարակ գրանցված աշխատակցի՝ 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, դիտավորությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուսումնական գծով տնօրենին հանձնարարել է կազմել և իր հաստատմանը ներկայացնել աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, որոնցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել՝ նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ»:

Ըստ ՔԿ-ի, տնօրենը վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը ներկայացրել է վճարման, որի հիման վրա՝ չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, տեխնոլոգիայի ուսուցչի անվամբ կազմակերպության բյուջեից անհիմն դուրս է գրվել 5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ, որը վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։

Միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնական գծով տնօրենին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնոլոգիայի ուսուցչին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դաստիարակի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Tekali Taxi