Գլխավոր / Բանակ / Կործանիչը հուզեց ՊՆ խոսնակին, նախարարներին, վարչապետին

Կործանիչը հուզեց ՊՆ խոսնակին, նախարարներին, վարչապետին

«Հայաստան։ Ահա և կայացավ պատմական իրադարձությունը։ Սրա համար արժեր ապրել։ Ուղղակի անհնար է այս հուզմունքը ներկայացնել, հարգելի հայրենակիցներ»։ Սա Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ուղիղ հեռարձակման սղագրությունն է, որով ՊՆ խոսնակը հանրությանը ցույց էր տալիս այսօր Հայաստան ժամանած և արդեն վայրէջք կատարած ՍՈՒ-30ՍՄ մակնիշի նոր կործանիչները։

Կործանիչների հանդիսավոր թռիչը տեղի էր ունենում Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ ՊՆ խոսնակից բացի ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ կործանիչներով հիանում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար։ Ժամանում է մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈՒ-30ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը», – ասաց վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդի անվտանգության ապահովման համար։

ՍՈՒ-30ՍՄ կործանիչների գնման պայմանագրերը կնքվել են 2019 թվականին։ Առաջին խմբաքանակով գնվել է 4 ինքնաթիռ, ըստ ՊՆ ղեկավարի՝  կա մտադրություն գնել ևս 8-ը՝ ձևավորելով մեկ ամբողջական էսկադրիլիա։ 4 կործանիչներից երկուսն արդեն Հայաստանում են, ևս երկուսը կժամանեն 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ 

«Եվս մի կարևոր հավելում․ այս ինքնաթիռները 2019 թվականի արտադրության են, այսինքն՝ գործարանից մի քանի օր առաջ են դուրս եկել։ Հայաստանի պատվերով են կառուցել», – նշեց վարչապետը։

Փաշինյանն ու Տոնոյանը «փորձարկեցին» ինքնաթիռը․ վարչապետը նստել էր դիմացի նստարանին, ՊՆ նախարարը՝ հետևի։ Աստիճանների վրա կանգնած փորձագետից Տոնոյանը հետաքրքրվեց՝ սինխրո՞ն են արդյուք դիմացի և հետևի օդաչուների կառավարման համակարգերը։ Փորձագետը պատասխանեց, որ այո։ «Ա՛յ կառավարման համակարգում սենց պիտի լինի, պարոն վարչապետ․ դուք շարժվում եք՝ իմ մոտ էլ ա շարժվում», – ասաց Տոնոյանը։

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 26. Dezember 2019

 

«Կոմերսանտ» ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ, կործանիչների գնման գործարքը կնքվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում․ հայկական կողմը դրանք ձեռք է բերել Ռուսաստանի ներքին գներով։

Tekali Taxi