2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով:
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների: