ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանանալու Հայաստանը ներկայացնող լրագրող Լյուսի Քոչարյանը: Նրանից բացի խիզախության մրցանակի են արժանանալու նաև 11 կանայք աշխարհի տարբեր երկրներից:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընդունելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթով հանդես կգա ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը. նա անդրադարձ կկատարի 12 խիզախ կանանց գործունեությանը: Միջոցառմանը ներկա է լինելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Կարելի է ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ։ Ինչպես ես ասում էի՝ ինձ հնարավոր չի վախեցնել, շանտաժի ենթարկել, սպառնալ, լռեցնել։ Մեծ հանդիսություն է լինելու, մրցանակներ ենք ստանալու ԱՄՆ առաջին տիկնոջ՝ տիկին Թրամփի կողմից։
Տասնյակ, միգուցե հարյուրավոր հարցազրույցներ եմ տալու ամերիկյան ու այլ մեդիաներին, բարձրաձայնելու եմ իմ մտահոգությունները։
Հույս եմ հայտնելու, որ ինչպես աշխարհը, այնպես էլ մեր երկիրը լուծումներ ա տալու կանանց ու երեխաների նկատմամբ սեռական, գենդերային ու կենցաղային բռնության խնդիրներին՝ ներպետական քաղաքականության կամ կոնվենցիայի միջոցով»,- Ֆեյսբուքում նշել է Լյուսի Քոչարյանը:
Ամենախիզախերն են նաև՝
Ամայա Քոփինզ. |Նիկարագուա|
Ջալիլա Հեյդեր. |Պակիստան|
Քլեյր Աուեդրագո. |Բուրկինա Ֆասո|
Զարիֆա Ղաֆարի. |Աֆղանստան|
Սուսաննա Լյու. |Մալազիա|
Սայրագուլ Սաույտբայ. |Ղազախստան|
Շալա Հումբատովա. |Ադրբեջան|
Բյութի Րիտա Նյամպինա. |Զիմբաբվե|
Խիմենա Գալարզա. |Բոլիվիա|
Յասմին Ալ Քադի. |Եմեն|
Ալինա Խոլանի. |Սիրիա|։
Լյուսի Քոչարյանը սոցիալական ցանցում հանդես էր գալիս #voice_of_violence նախաձեռնությամբ՝ ներկայացնելով սեռական բռնության ենթարկված կանանց ու աղջիկների պատմությունները, նշում է «Արմենպրես»-ը։
Տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից պարգևատրվում ու խրախուսվում են կանայք, որոնք ցուցաբերել են բացառիկ քաջություն և խիզախություն՝ խաղաղության, արդարության հասնելու համար, մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության գործում: