Home / Առողջապահություն / Շրջվել է «Գլորիայի» աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը

Շրջվել է «Գլորիայի» աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. շրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ: Վիրավորներին շրջված ավտոբուսից դուրս են բերել Վանաձորի եւ Սպիտակի փրկարարները:

Հիշեցնենք, որ մոտ 2000 աշխատակից ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկան Վանաձորում գործող խոշոր արտադրություն է, որը համագործակցում է Իտալիայի հետ։ Մարտի 13-ին կորոնավիրուսի կասկածով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանցից մեկը «Գլորիա» ֆաբրիկա այցելած իտալացի մասնագետն էր։ Բոլոր 5 թեստի պատասխանները բացասական են եղել։

Թեև ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն ասել էր, որ «Գլորիան» կդադարեցնի իր աշխատանքը միայն Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու դեպքում, արտակարգ դրություն հայտարարելուց հետո այն շարունակում է աշխատել։ Դարբինյանն ասում է՝ կփակվեն միայն այն դեպքում, եթե լինի կառավարության համապատասխան որոշումը։ 

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի։

Tekali Taxi