Մահացել է Throbbing Gristle և Psychic TV էքսպերիմենտալ խմբերի հիմնադիր անդամ Ջենեզիս Փի-Օրիջը։
70-ամյա երաժիշտն արդեն երկուսուկես տարի բուժվում էր լեյկեմիայից։ Մահվան փաստը հաստատել են նրա դուստրերը` Ջենիսը և Քերիսը։
1969 թվականին Փի-Օրիջը «Transmedia Exploration» պերֆորմանս խմբի հետ մասնակցել է հայտնի կոմունայի ձևավորմանը, որի նպատակն էր՝ ազատագրվել հասարակության կողմից պարտադրված պայմանականություններից։ Կոմունայում խորհուրդ չէր տրվում նույն բանով երկար զբաղվել, օգտագործել խնդրի լուծման նույն եղանակները։ Կոմունայի անդամներից էր նաև հանրահայտ ռեժիսյոր Դերեկ Ջարմենը։
Նույն թվականին Փի-Օրիջն ու նրա ընկերուհին՝ Քոզի Ֆանի Թուտին հիմնադրել են COUM Transmission պերֆորմանս խումբը։ 1976-ին խումբը վերանվանվել է «Throbbing Gristle»։
Իդուստրիալ երաժշտության զարգացումը կապվում է հենց Throbbing Gristle խմբի ձևավորման հետ։
Ավելի ուշ Ջենեզիսը համահիմնդարել է Industrial Records ձայնագրման լեյբլը, որը զբաղվում էր Throbbing Gristle-ի և այլ ինդուստրիալ խմբերի ալբոմների թողարկմամբ, նաև՝ պերֆորմանս֊արտիստ Մոնթե Կազացայի ու գրող, բիթ֊սերնդի կարևորագույն ներկայացուցիչ Ուլիամ Բերոուզի ցուցադրություններով։
Բիթնիկների ստեղծագործություններով հետաքրքրվող Փի-Օրիջի Here Now but the Recordings ալբոմի երգերի մեծ մասի հիմքում, ի դեպ, հենց Բերոուզի (վաղ շրջանի) տեքստեր են։
Psychic TV կոչվող իր նոր խումբը Ջենեզիսը հիմնել է 1981 թվականին։ Սա Փի-Օրիջի ամենաազդեցիկ նախագիծն էր, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 1985 թվականից սկսած 23 ամիս շարունակ նոր ալբոմ թողարկելու համար։
Psychic TV-ն իր գործունեությունը դադարեցրել է 1998 թվականին։ Այդ ժամանակ Փի-Օրիջը նոր թիմով հիմնել է երաժշտա-խոսակցական Thee Majesty խումբը, որը գործում էր մինչ օրս։
2003 թվականին Ջենեզիսը փոխել է անունը՝ դառնալով Ջենեզիս Բրայեր Փի-Օրիջ, ի պատիվ իր կնոջ՝ Լեդի Ջեյ Բրայեր Փի-Օրիջի։ Նույն թվականին զույգը սկսել է իր «Breaking Sex» ելույթների շարքը, որը նվիրված էր կանանց ու տղամարդկանց բացարձակ հերմաֆրոդիտացմանը։
Փի-Օրիջի մասնակցությամբ վերջին նախագիծը Throbbing Gristle-ի Part Two: The Endless Not ալբոմն էր, որը թողարկվել է 2007 թվականին։