«Ձայնալաբ». արվեստի, գիտության եւ տեխնոլոգիաների փորձարարական հարթակը հունիսի 15-ին Գյումրիում (հասցեն՝ Բեռլին արթ հոթել, Հաղթանակի 25) կներկայացնի «Ընթացիկ կատարումները»։
Ձայնային ինստալացիա՝ Սիմոն Բաումգարտ, Դյուկ, Վարդան Հարությունյան։
Կոնցեպտ՝ Սիմոն Բաումգարտ․
– Ես հանդիպեցի Ա.-ին Բիշքեկի (Ղրղըզստան) «Umut-Nadjeshda» մանկական վերականգնողական կենտրոնում, եւ 10 ամիս աշխատեցի նրա հետ: Ա-ի մտավոր խնդիրները պայմանավորված են վաղ մանկության տարիքում ուղեղի վնասվածքի հետ: Նա չի կարող խոսել եւ հասկանալ լեզուն: Համարվում է, որ տեսողական խանգարումների պատճառով նա կարող է ընկալել լույսը եւ ստվերը միայն 10 սմ հեռավորության վրա: Ա-ի հետ հաղորդակցությունը տեղի է ունենում շոշափողական միջոցներով:
Ա.-ն չուներ խորհրդանշական հնչյունների լեզու, նույնիսկ խորհրդանշական ժեստեր կամ հայացքներ: Բարդ էր հասկանալ, թե ինչ է նա իրականում գիտակցում: Որոշ ժամանակ անցավ, մինչեւ նա մի անգամ արձագանքեց իմ ստեղծած դզզացող ձայնին: Հասկացա, որ կա լեզվի խորհրդանշական մակարդակից ցած եւս մեկ մակարդակ: Դա ռեզոնանս է, արձագանք, ինչ-որ պատասխան: Եթե ծայրահեղացնենք, այն հարց է բարձրացնում, թե որն է գոյության զգացողությունը, եթե չկա ռեզոնանս: Արդյո՞ք մենք գոյություն չունենք առանց ռեզոնանսի զգացողության: Այսինքն՝ մենք չէինք իմանա՞, որ գոյություն ունենք առանց ռեզոնանսի զգացողության:
Ա-ի ձայնագրությունները եւ դրա վրա հիմնված գործերը Սիմոնը տրամադրեց Ձայնալաբի Գյումրիի արվեստագետներին: Ա-ի ձայնագրությունները նրա ներկայության որոշակի պահերի գրանցումն էին, եւ նա հետաքրքրվում էր, թե արդյոք գրառումները կարող են թարգմանվել նոր լեզվով:
Սիմոնի բերած փորձը, գրառումներն ու սցենարները հիմք են դառնում այս փորձի համար, որն ամբողջական ինստալացիայի տեսք է ստացել եւ կներկայացվի Գյումրիի Բեռլին արթ հոթելում:
***
16.00- 17.00
Ձայնային միջամտություն Գյումրիի կենտրոնական զբոսայգում
Դյուկ (Վարդան Սարգսյան)
Հասցեն՝ Գյումրիի Կենտրոնական զբոսայգի, Գայի փողոց, Գյումրի, «Սատանի անիվի» մոտակայքում
Դյուկի (Վարդան Սարգսյան) կատարումը տեղի կունենա Գյումրիի կենտրոնական զբոսայգում: Արվեստագետը տեղում կվերամշակի կենդանի ձայնագրման եւ զվարճանքի ձայների հնչյունները՝ կիրառելով զվարճախաղի պտույտը որպես հիմնական ձեւ, որը փոխվում է տարբեր ձայնային մանիպուլյացիաների միջոցով: Այս արվեստային արարքն անդրադառնում է ամենօրյա զվարճախաղերին եւ տեղափոխում դրանք մեկ այլ համատեքստ՝ օգտագործելով դրանք որպես երաժշտական գործիք:
19.00-20.00
Ձայնային ներկայացում
Դյուկ (Վարդան Սարգսյան), ՀՈՎ (Հովսեփ Աղջյան)
Հասցեն՝ Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոն, մեծ դահլիճ
Հովը եւ Դյուկը ձայնային արվեստագետներ են, որոնք աշխատում են միասին՝ ստեղծելով մեկ լեզու էլեկտրոնային ձայնի հիման վրա: Նրանց մոտեցումները շատ տարբեր են, սակայն ձայնի ալիքի ձեւը բերում է ընտրության լիակատար ազատության եւ որոշումների անսահման բազմազանության: Այս կատարման մարտահրավերն է հաղորդակցություն եւ կառուցողական միջամտություն հաստատել արվեստագետների տարբեր տեսլականների միջեւ:
14.00 – 19.00
Միասին խոհանոցում
Ինստալացիաներ
Թելման Պետցոլդ, Մարիա Գուլիկ, Ֆլորիան Քելմեր
Հասցեն՝ Բեռլին արթ հոթել, Հաղթանակի 25
Մենք կցուցադրենք այն աշխատանքը, որը կատարել ենք արվեստի կացարանում լինելու շրջանում: Բովանդակությունը տեսողական եւ ձայնային է, տեսողական մասը կազմված է հիմնականում շրջանաձեւ եւ գծային ձեւերից: Ձայնային մասը կապված է շրջանառության գաղափարի հետ, ինչպես նաեւ ներառում է որոշակի թարգմանություններ պատկերից դեպի ձայն: Արվեստագետների ցուցադրած մոտեցումը կապված է դադա արվեստային շարժման հետ, այն պարզ ու ազնիվ է, միեւնույն ժամանակ, մտքերի եւ զգացողությունների արտահայտման համար օգտագործվող լեզուն խորապես անձնական, բայց խմբային է: Սա խմբային մտքի խոհարարական որոշակի արդյունք է՝ հիմնականում գրանցված եւ վավերացված խոհանոցում: