Քննչական կոմիտեում քննվող առերևույթ յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեական գործով պարզվել է, որ 2017 թվականին Կաննի կինոփառատոնին Հայաստանի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախկին մշնախի կողմից առերևույթ յուրացման (ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) և պաշտոնեական լիազորություններն անցնելու (309-րդ հոդվածի 1-ին մասով) քրեական գործն ուղարկել է Դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:
Գործը մինչ այդ քննվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։