Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, անջատված է էլեկտրաէներգիայի 770 հազար բաժանորդներից 2600-ի (0․3 տոկոս) հոսանքը և գազի 620 հազար բաժանորդներից 1300-ի (0.2 տոկոսի) գազը։ Արձագանքելով էներգետիկ ճգնաժամին՝ Կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել: Որոշում ենք կայացրել, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազար 1 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար, և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը», – նշել է վարչապետը:
Այս պարագայում աջակցությունից կօգտվի 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ։
Հավելյալ աջակցություն կսահմանվի նաև չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար․ 10 հազար դրամը գերազանցող էլեկտրաէներգիայի ծախսը նրանց պարագայում կփոխհատուցի 50 տոկոսով: 50 տոկոսի չափով կփոխհատուցվի նաև մինչև 3 հազար դրամ ջրի սպառում են ունեցող բաժանորդների վճարը: Ծրագիրը կներառի 424 հազար 972 բաժանորդ:
Հիշեցնենք, որ տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման շրջանակներում մինչ այժմ 50 տոկոսի չափով փոխհատուցվում էին այն բաժանորդների կոմունալ ծախսերը, որոնց փետրվար ամսվա գազի սպառման վարձը չի գերազանցել 10 հազար դրամը, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 5 հազար դրամը։ Ծրագրից, ըստ պաշտոնական տվյալների, օգտվել է 222 հազար շահառու։
Վարչապետ Փաշինյանը ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է նաև վերջին շրջանի «էներգետիկ ճգնաժամի» պատճառներին․ ըստ նրա, կոմունալները այս ընթացքում չեն վճարել ոչ միայն նրանք, ովքեր համավարակի հետևանքով սոցիալական խնդիրների առջև էին կանգնել, այլ «համատարած չեն վճարվել», ինչը լրջորեն վտանգել է երկրի էներգետիկ և գազի համակարգը և հանգեցրել լայնածավալ անջատումների։
«Այս պատճառով կայացվեց այսպիսի, այո, դժվար և կամային որոշում, որի արդյունքում, ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասի հոսանքը անջատվեց։ Մենք աջակցության միջոցառումներով, ըստ էության, փակում ենք կոմունալ ճգնաժամի հարցը և մեր քաղաքացիներին ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, մենք այս միջոցառումներով մի քանի միլիարդ դրամ, մոտավորապես 4-5 միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի վրա, այս փուլում կառավարությունը ինչ պետք է աներ աջակցության հարցով՝ արդեն իսկ արել է։ Արդեն տաք ամիսներն են, և գազի ու լույսի վարձերը էականորեն նվազել են, պետք է խնդրենք, որ այլևս վերադառնաք հին ռեժիմին․ բոլորը այս պահից սկսած իրենց վարձերը պետք է վճարեն»։
Փաշինյանը ընդգծեց նաև, որ կոմունալ ոլորտում Կառավարության աջակցության ծրագրերը առաջնորդվել են ոչ թե քաղաքացիների սոցիալական նույնականացման սկզբունքով, այլ՝ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ուստի՝ Կառավարությունն ակամա օգնել է նաև այն մարդկանց, որոնք օգնության կարիք այս պահին չունեն։ Քանի որ բավականին բարդ է սահմանել՝ որ բաժանորդներն են կարիքավոր, որոնք՝ ոչ, կառավարությունը որոշել է խնդրին արձագանքել խնդրանքով։ Վարչապետը՝ դիմելով այն քաղաքացիներին, որոնք սոցիալական լուրջ խնդիրներ այս պահին չունեն, բայց որոնց բաժանորդային հաշիվներին այնուամենայնիվ այդ գումարները փոխանցվել են, կոչ արեց «խղճի մտոք» այդ նույն չափով փոխանցում անել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։
«Գաղտնիքի» կարգով նա հայտնեց նաև, որ իր ձեռքի տակ եղած ցուցակները, որոնցում ներառված են կոմունալ պարտքեր ունեցող քաղաքացիների տվյալները, ցույց են տալիս, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ չունեն և միևնույնն է՝ չեն վճարել իրենց կոմունալ ծախսերի դիմաց․ «Խնդրում եմ ձեզ՝ գնացե՛ք և վարձերը վճարե՛ք։ Որովհետև դուք, հնարավորություն ունենալով և չվճարելով, պրոբլեմներ ստեղծեցիք նաև նրանց համար, ովքեր այդ հնարավորությունը չունեն։ Կոչ եմ անում, որ րոպե առաջ վճարեք կոմունալ ծախ-սե-րը։ Ա-մո՛թ-է։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ունեն հնարավորություն։ Եվ մնացածն էլ։ ․․․Կառավարությունը արդեն մի քանի միլիարդ դրամի աջակցություն ցուցաբերել է, մնացած այն փոքր մասերով, այն մասերով, որ ձեր պարտքն է, սիրելի հայրենակիցներ, պետք է վճարեք», – ասաց վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/682534265894013/
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով (նրա խոսքերով՝ նաև եթերից դուրս) հեռախոսազրույցներ էր ունեցել այն քաղաքացիների հետ, որոնց հոսանքը պարտքի պատճառով աջատվել է։ Վարչապետի մոտ էին պարտք հոսանքի դիմաց չվճարած քաղաքացիների ցուցակները՝ անձնական տվյալներով և հեռախոսահամարներով։
Իրավապաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերներին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում»։
Իոաննիսյանը հայտարարել է, որ «առերևույթ գործ ունենք ՓՌ-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ» և նշել, որ համապատասխան գրություններ կուղարկվեն վարչապետի աշխատակազմին ու Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։
Քիչ առաջ Փաշինյանը կրկին ուղիղ եթեր դուրս եկավ՝ պարզաբանելու«Կոմունալ համերաշխությանն» իր պատկերացրած բանաձևը, ներկայացնելու այն սոցիալական խնդիրները, որոնք ի հայտ եկան այսօրվա՝ քաղաքացիների հետ հեռախոսազրույցների արդյունքում, և առաջարկելու խնդրի լուծման նոր մոդել [առաջարկի մասին ավելի մանրամասն՝ այստեղ]։