Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղիղ եթերներից մեկում ներկայացրել էր կոմունալ ոլորտում Կառավարության աջակցության ծրագրերը և անդրադարձել հոսանքի անջատումներին, որոնք, նրա կարծիքով, տեղի են ունեցել ոչ այնքան անվճարունակ քաղաքացիների պարտքերի պատճառով, որքան «համատարած» չվճարելու։ Վարչապետը ընդգծել էր՝ կառավարությունն այս ընթացքում արդեն իսկ 4-5 միլիարդ դրամ գումար է հատկացրել՝ քաղաքացիների գազի, էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը փոխհատուցելու համար։ 50 տոկոսի չափով փոխհատուցվել են (փետրվար ամսվա համար) մինչև 10 հազար դրամ՝ գազի, մինչև 5 հազար դրամ՝ էլեկտրաէներգիայի և մինչև 3 հազար դրամ՝ ջրի սպառում ունեցողների կոմունալ ծախսերը։ 30 տոկոսի չափով կփոխհատուցվեն նաև մինչև 25 հազար դրամ՝ էլեկտրաէներգիայի և մինչև 40 հազար դրամ գազի սպառում ունեցողների կոմունալները: Փաշինյանը նշել էր՝ կառավարությունը որքանով կարող էր օգնել, արդեն իսկ օգնել է, և կոչ էր արել քաղաքացիներին «այս պահից սկսած» վճարել կուտակված պարտքերը։
Վարչապետը նշել էր նաև, որ կոմունալ ոլորտում Կառավարության աջակցության ծրագրերը առաջնորդվել են ոչ թե քաղաքացիների սոցիալական նույնականացման սկզբունքով, այլ՝ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ուստի՝ Կառավարությունն ակամա օգնել է նաև այն մարդկանց, որոնք օբնության կարիք այս պահին չունեն։ Դիմելով վերջիններիս՝ նա կոչ էր արել «խղճի մտոք» այդ նույն չափով փոխանցում անել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։
Քիչ առաջ վարչապետը կրկին ուղիղ եթեր էր դուրս եկել՝ առաջարկելու կոմունալ խնդիրների լուծման մեկ այլ մոդել, որը հիմնվում է փոխօգնության և սոցիալական արդարության սկզբունքների վրա։ Փոխհատուցման գումարը, ըստ Փաշինյանի, կազմելու է մոտ 7500 դրամ և բաժանորդների հաշվեհամարներին է փոխանցվելու երկուշաբթի կամ երեքշաբթի։
«Եթե դուք այդ գումարի կարիքը չունեք, ապա նայեք ձեր շենքում, շրջապատում կոմունալ ծախսի կարիք ով ունի, տարեք նրա տեղը վճարեք: Դուք նրանց ավելի լավ կկարողանաք աջակցել, ավելի հասցեական։ Մենք շահառուներին [սոցիալական խնդիրներ ունեցող բաժանորդներին] նույնականացնելու խնդիրներ ունենք», – առաջարկել է վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/715318645675103/
Կառավարության կողմից փոխանցված գումարն ավելի կարիքավոր քաղաքացիներին փոխանցելով, յուրաքանչյուրն, ըստ Փաշինյանի, կարող է դառնալ կառավարության դաշնակիցը ու իրական օգնություն ցուցաբերել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց: Փաշինյանը կարծում է, որ եթե քաղաքացիները, որոնք համավարակի հետևանքով չեն հայտնվել սուր ճգնաժամի մեջ, իրենց հատկացված 30 կամ 50 տոկոս կոմունալ սուբսիդիաները վերահասցեագրեն իրենց այն հարազատներին, ընկերներին կամ հարևաններին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն, Հայաստանում «չի լինի որեւէ մարդ, ով կոմունալ վարձավճարների՝ գազի, լույսի, ջրի պարտքեր կունենա», Կառավարության աջակցությունն ավելի հասցեական կդառնա, և հնարավոր կլինի խուսափել անջատումներից, ասյինքն՝ հնարավոր կլինի ստեղծել մի իրավիճակ, երբ օգնության կարիք ունեցող մարդկանց վարձավճարները կսուբսիդավորվեն ամբողջությամբ և ոչ մասնակի, ինչպես հիմա է։