Home / Առողջապահություն / 697 նոր դեպք․ առողջապահական համակարգը ճկվում է

697 նոր դեպք․ առողջապահական համակարգը ճկվում է

Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 697 նոր դեպք, 14 հոգի ապաքինվել է, 15 հոգի՝ մահացել․ 6-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ «այլ պատճառներով», հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 221 դեպք, որոնցից 3 468-ը` առողջացած, 244-ը՝ մահվան ելքով․ 176-ի հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 68 հոգի, ըստ նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:

Փաստացի բուժվում է 7 509 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 63 459 (1809 թեստ՝ վերջին մեկ օրում):

391 հոգի՝ ծանր, 59 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում է, 15 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքերին, Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ամենօրյան հոսպիատալցումների իրավիճակը մնում է լարված։ Արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում․

«Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք, ինչպես մինչ օրս ենք արել, որևէ մեկին չթողնել առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենն ապահովել, ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն, հիմնականում սրանից բխեն», – շեշտել է Թորոսյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/254199332683512/

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել էր՝ իրավիճակը վատթարանում է, արդեն իսկ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց բուժհաստատությունները ժամանակին չեն կարողանում հոսպիտալացնել։

«Այն, որ հիվանդների մեծամասնությունը՝ մոտ 75 տոկոսը, ինձ նման ասիմպտոմ են, մեզ խանգարում է, որ իրավիճակին լուրջ վերաբերվենք։ Բայց մնացած 25 տոկոսի մեջ կան մարդիկ, որոնք շատ լուրջ և ինտենսիվ բուժօգնության կարիք ունեն։ Երբ հիվանդների թիվը 10․000 է, ստացվում է, որ մոտ 2 500 մարդ ունի բուժօգնության անհրաժեշտություն։ Մենք հասել ենք այն եզրին, որ մեր առողջապահական համակարգը ճկվում է արդեն», – ասել է Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով, երկրում արդեն իսկ կա մոտ 20․000 վարակակիր, որոնք չգիտեն նույնիսկ, որ վարակված են․ «Այդ մարդիկ ամենուր են,  որպեսզի էդ  վարակը չտարածվի, պետք է բոլորս բոլորիս համարենք վարակակիր և բոլոր շփումների ժամանակ կիրառենք կանխարգելիչ միջոցներ»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3095236613874933/

 

Հիշեցնենք, որ այօրվանից պարետատան որոշմամբ հանրային վայերերում դիմակ կրելը դառնում է պարտադիր․ եթե մինչ այս դիմակը պարտադիր էր միայն հանրային փակ վայրերում, այդ թվում՝ մասնավոր և հանրային տրանսպորտային միջոցներում, ապա այժմ այն պարտադիր է նաև բաց տարածքներում՝ փողոցներում, կանգառներում, այգիներում և այլն։ Բացառություն կսահմանվի միայն մինչև 6 տարեկան երեխաների և սպորտով զբաղվողների համար։