Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է վարակվածության 566 նոր դեպք, 240 հոգի ապաքինվել է, 23 հոգի՝ մահացել․ 18-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 5-ը՝ այլ պատճառներով, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 11-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 669 դեպք, որոնցից 5 466-ը` առողջացած, 327-ը՝ մահվան ելքով․ 245 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 82 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Փաստացի բուժվում է 8 876 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 75 389 (2 233 թեստ վերջին մեկ օրում):
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ մոտ 500 հոգի այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է։
«Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից։ Գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծանր և ծայրահեղ ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղել եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք, դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է։ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի․ ընդամենը 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են և պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ», – ասել է Թորոսյանը։
Ըստ նրա՝ այսօր արձանագրված նոր դեպքերի աճը պայմանավորված է թեստերի թվի ավելացմամբ․ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, ասել է Թորոսյանը և ընդգծել՝ մոտավորապես նույնքանով աճել է նաև հետազոտությունների թիվը։ Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն։ Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ նույնն է՝ 25 %՝ նախորդ օրվա 24 %-ի համեմատ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակահամավարակային նպատակադրումը և ռազմավարությունը մնում է նույնը՝ անընդհատ խստացնել և ապահովել կանոնների պահպանումը․ «Մենք դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց։ Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա մեր, ենթադրենք, 100 %-անոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո։ Այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը։ Ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ Փորձը ցույց է տալիս, որ վարակման դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու», – ասել է Փաշինյանը։