Home / Բնապահպանություն / Կեղծված փաստաթուղթ և հոր ընգերներ․ Ահազանգում են Կենդանաբանական այգու հեռացված աշխատակիցները (թարմացված)

Կեղծված փաստաթուղթ և հոր ընգերներ․ Ահազանգում են Կենդանաբանական այգու հեռացված աշխատակիցները (թարմացված)

այս նյութի կապակցությամբ հունիսի 11-ի ցեչեկը Epress.am-ի խմբագրություն է զանգահարել Կենդանաբանական այգու մամուլի հետ կապերի պատասխանատուն և ուղարկել իրենց դիրքորոշումը, որը ներկյացված է ստորև

Մարտի 18-ին Երևանի կենդանաբանական այգու 5 տարվա  աշխատակից, Այգու գիշատիչների բաժնի պատասխանատու Հեկտոր Քոչարյանն աշխատանքից ազատման մասին հրաման է ստանում ու անակնկալ վերջնահաշվարկ՝ իր բանկային հաշվեհամարին: Ըստ ԶԼՄ-ներին ուղղված նամակի՝ փաստաթղթի ակնադիտական զննմամբ պարզ է դառնում, որ այդ կարևոր փաստաթուղթը Քոչարյանը չի ստորագրել ու չի էլ ամսադրել՝ այնպես, ինչպես պահանջում է Աշխատանքային օրենսգիրքը, իսկ դրա վրա դրված Քոչարյանի ստորագրությունը կեղծված է: Նամակի հեղինակները պնդում են, որ Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հեռացնում է մարդկանց՝ իր հոր ընկերներին գործի դասավորելու համար։

Տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, Այգու հեռախոսահամարով զանգահարելուց և այնտեղ այցելելու պայմանների ու գների վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունից հետո, զանգն անջատվում է։

Քանի որ «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է գործում, Epress.am-ը փորձեց նամակում հիշատակվող քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի մեկնաբանությունը ստանալ։ Նա, սակայն, ըստ զանգին պատասխանած աշխատակցուհու, հանդիպման էր դուրս եկել․ առաջարկվեց դիմել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանին, այնուհետև՝ լրատվական բաժին, որն արդեն պետք է ուղղորդեր։ Սակայն այս անգամ ևս կապ հաստատել չհաջողվեց։

Քոչարյանի՝ նույն օրով աշխատանքից հեռանալու մասին դիմում-առաջարկի պատճառը նույնն էր, ինչ վերջին մի քանի ամսում բազմամյա փորձառություն ունեցող 15-ից ավել աշխատակիցների ազատումները՝ հնարավոր չէր այլևս համակերպվել Այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքային ոճին, ասված է նամակում։

«Այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը միայն Հեկտոր Քորարյանի պահանջից հետո է նրան հանձնել դիմումի և պարտավորագրի պատճենները, որոնց հետ իր համար անակնկալ կերպով տրվել է նաև Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մարտի 17-ին ամսադրված թիվ 50-Ա հրամանը, որը վերաբերում է արդեն նախկին աշխատակցի հետ 2015թ․-ի դեկտեմբերի 7-ին կնքված աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելուն, գույքագրում, հանձնում-ընդունում կատարելուն, որին Հեկտորը ծանոթ չէ և չի ստորագրել նման փաստաթղթի տակ։

Հեկտոր Քոչարյանն, ով նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, տեսնելով իր անվան տակ կեղծված պաշտոնական փաստաթուղթը, դիմում է դատարան:

Գործը ներկայումս գտնվում է նախնական փուլում՝ ներկայացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Հեկտորն անձամբ է ճանաչում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ով, ըստ էության, պիտի վերահսկեր նման իրավիճակները ու պատասխանատվության ենթարկեր կեղծարարներին, սակայն հաշվի առնելով փոխքաղաքապետի արձագանքը մյուս աշխատակիցիների հեռանալուն, չի դիմել վերադասին, քանի որ կորցրել է վստահությունը:

Այգին ունի ընդհանուր շուրջ 60 հաստիքային աշխատող, իսկ 15-ից ավել աշխատակիցների, այսինքն՝ 1/4-ի հեռանալը կամ հեռացվելը պաշտոնավարման ընդամենը մի քանի ամսում տնօրենի ժ/պ-ի աշխատանքի անարդյունավետության մասին է վկայում, ինչպես նաև որդեգրած քաղաքականության, որը ոչ մի կերպ չի վերահսկվում պատասխանատու կառույցի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից:

Վիրաբյանը, իր բազմաթիվ հարցազրույցների ընթացքում, երբևէ չի անդրադարձել խնդրի էությանը, չի ուսումնասիրել հնարավոր կեղծված փաստաթղթերը և տվել է մեկ պատասխան՝ թող դիմեն դատարան, պաշտպանեն իրենց իրավունքները:

Սրա արդյունքում պաշտոնավարման ընդամենը 6 ամսվա ընթացքում Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի արձակած հրամանների իրավաչափությունը քննվում է մի քանի դատական գործերով. աշխատակիցներն ընդդեմ Վ. Սիմոնյանի ամենաթողության և Տ. Վիրաբյանի աչք փակելուն: Սիմոնյանի կողմից անօրինական հրամաններ արձակելու պատճառով, պետական բյուջեին հասցված վնասի չափը դատական գործերի ավարտից հետո կկազմի նվազագույնը 4 մլն. դրամ:

Բացի ապրիլյան պատերազմի մասնակից Հեկտոր Քոչարյանի անօրինական ազատումից, ուժի պարտադրմամբ աշխատանքից հեռացվել է նաև այգում տարիների փորձ ունեցող արտահանման և ներմուծման մասնագետը, բոլորի կողմից հարգված Սուրեն Սիմիկիչը, ում Սիմոնյանը պարզապես մի նախադասություն է ասել. «Իմ հոր տարիքին ես, դիմումդ գրի գնա, հորս ընգերներն են գալու տեղդ աշխատեն», – հայտնում են հայտարարության հեղինակները։


Կենդանաբանական այգու ադմինիստրացիայի արձագանքը

Ի պատասխան քաղաքացի Հեկտոր Քոչարյանի լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությունների՝ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից ազատվել են ընդամենը 2-ը՝ անհարգելի բացակայության հիմքով։ Այս պահին նախկին աշխատակիցների կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է ընդամենը 3 հայց, որոնցից 2-ը վերաբերում են վերոնշյալ աշխատակիցներին, իսկ մյուս հայցվորը՝ Հեկտոր Քոչարյանն է։

Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Հեկտոր Քոչարյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ 2020 թվականի մարտի 17-ին։ Տվյալ աշխատակցի և նույն ստորաբաժանման մեկ այլ աշխատակցի միջև կատարվել է գույքի, ապրանքանյութական արժեքների գույքագրում և հանձնում-ընդունում, որին ներկա են եղել նաև գույքագրման համար ստեղծված հանձնաժողովի անդամները։ Հետևաբար, վերջինիս կողմից այն հայտարարությունը, որ տեղեկացված չի եղել իր և այգու միջև ծագած աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցման մասին՝ չի կարող համապատասխանել իրականությանը։ Աշխատակիցը նաև ծանոթացել և ստորագրել է աշխատանքից ազատման հրամանի իր օրինակին, պարտավորագրի բովանդակությանը՝ այգու տնօրենի տեղակալի, այգու իրավաբանի և մարդկային ռեսուրսների կառավարչի ներկայությամբ։

Հեկտոր Քոչարյանի կողմից աշխատանքից ազատման վերաբերյալ դիմումի՝ օրենքով սահմանված ժամկետներում հետվերադարձման պահանջ չի եղել։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ փաստացի Երևանի կենդանաբանական այգին կատարել է աշխատողի կամքը․ այն է՝ ազատել իրեն աշխատանքից համաձայն իր դիմումի։

Մեկնաբանությունը, որտեղ Քոչարյանը նշում է անհիմն պարտքերի մասին, ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հեկտոր Քոչարյանը մինչ ազատման դիմում գրելը արդեն օգտագործել էր  2020 թվականի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը՝ 24 աշխատանքային օր տևողությամբ և ստացել էր դրա համար արձակուրդային գումար։ Մինչդեռ իրեն, դիմումը ներկայացնելու պահին, հասանելի էր ընդամենը 4 օր տևողությամբ ամենամյա արձակուրդ։ Այսինքն՝ այգին աշխատանքից ազատման պահին արդեն իսկ նրան վճարել էր 20 օր տևողությամբ արձակուրդի ավել գումար։ Երևանի կենդանաբանական այգին իր ավել վճարած գումարը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 213-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավունք ունի հետ պահանջել, որի համար ս․թ․ մայիսի 7-ին դիմել է ընդհանուր իրավասության դատարան։

Ինչ վերաբերում է նախկին աշխատակից Սուրեն Սիմիկիչին, ապա նա ևս ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Անկախ այն հանգամանքից, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է Երևանի կենդանաբանական այգում և չի առնչվել իր պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունների կատարմանը, քանի որ տեղեկացված չի եղել այգու արտահանման և ներմուծման շրջանակներում կատարված գործունեության մասին, այնուամենայնիվ, նրան տրվել է հնարավորություն շտկելու թերացումները, շարունակելու աշխատանքը, սակայն վերջինս ներկայացրել է դիմում։

Նման տեղեկատվության տարածումը միտում ունի վարկաբեկելու Երևանի կենդանաբանական այգու բարի համբավը, խաթարելու բնականոն գործունեությունը, ուստի  կոչ ենք անում զերծ մնալ չհիմնավորված, ապատեղեկատվություն հաղորդող նման աղբյուրներից, և թույլ տալ կենդանաբանական այգուն իրականացնել իր առաքելությունը, ապահովել կենդանիների բարեկեցությունը և հանրության համար մնալ բարություն խորհրդանշող, սիրելի վայր։

Երևանի կենդանաբանական այգում շարունակում են աշխատել երկար տարիների փորձ ունեցող, գործին գիտակ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց աշխատանքային պարտականությունները՝ ի բարօրություն կենդանաբանական այգու։