Home / Հայաստան / Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի (թարմացված)

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի (թարմացված)

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրկնակի բարձրացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, նաև՝ խնամքի նպաստ սահմանել գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանանց համար։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

Քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ:

Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը:

Իսկ գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող և մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:

Եթե ծնողի՝ գյուղական բնակավայրում հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղում հաշվառված լինելու մեկ տարին լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ից։

Կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Նոր նպաստը նշանակվում և վճարվում է՝ անկախ ծնողի աշխատանք ունենալու կամ չունենալու հանգամանքից։

Խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ պետական ռեգիստրի տվյալները:

Առաջարկվում է նաև.
խնամքի նպաստի համար դիմելու ժամկետ սահմանել 12 ամիսը՝ 6-ի փոխարեն,

խնամքի նպաստի գումարը լիազորագրով վճարել 12 ամիս՝ 6-ի փոխարեն,

սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,

վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու  պարտադիր պայմանը (հետևաբար՝ նաև Հայաստանից բացակայելու դեպքում ծնողի՝ նպաստ ստանալու իրավունքը կասեցնելու կամ նպաստի վճարումը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։

Պարզեցվել է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար այդ պետությունում նպաստ չստանալու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի։

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել այն ստանալու համար և նպաստի գումարը վերադարձվել է պետական բյուջե, ապա այն հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում: