Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր մարմնի նիստում հանձնարարել է վերանայել երկրի անդամակցությունը Ստամբուլյան կոնվենցիային։
«Աշխատեք փաստաթղթի վրա և վերանայեք: Եթե ժողովուրդը պահանջում է չեղարկել, ապա այդ ուղղությամբ թող որոշում կայացվի: Թող ժողովրդի կամքով լինի», – ասել է Էրդողանը:
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու Թուրքիայի որոշումը սխալ էր:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Ստամբուլում 2011 թվականի մայիսի 11-ին: Նույն թվականին Թուրքիան ևս միացել է կոնվենցիային՝ այն վավերացնելով մեկ տարի անց՝ 2012 թվականի մարտի 12-ին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:
Կոնվենցիան ստորագրվել է Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության անդամ 46 պետությունների կողմից։