Home / Ազգային ժողով / Երկխոսության բացակայություն․ Գայանե Աբրահայմանը վայր է դնում մանդատը

Երկխոսության բացակայություն․ Գայանե Աբրահայմանը վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ֆեյսբուք սոցցանցում նա գրել է, որ «չափազանց կարևոր է իր սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս»: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 25-ին։

«Երբեք պատասխանատվությունից և պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց», – գրել է Աբրահամյանը:

Որոշմանն է անդրադարձել նաև  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

Աբրահամյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո այն անցնում է «Իմ քայլ»-ի ցուցակի 88-րդ համարին՝ Զարուհի Մաթևոսյանին։ Վերջինս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է, մինչ այդ եղել էր Վաչե Գաբրիելյանի օգնականը։

Ավելի վաղ Արսեն Ջուլֆալակյանն էր մանդատից հրաժարվել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ տարաձայնությունների պատճառով։ Իսկ Արմեն Փամբուկչյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ է նշանակվել։

Իր գործընկերոջ որոշման մասին է արտահայտվել նաև իշխող խմբակցության անդամ Միքայել Զոլյանը, որը կարծում է՝ Աբրահամյանի որոշումը հետևանքն է այն հանգամանքի, որ չի կայացել պատգամավորներ-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը։

«Նման իրավիճակում, երբ պատգամավորներ-քաղհասարակություն երկխոսությունը բացակայում է կամ անարդյունավետ է, այն պատգամավորները, ովքեր դուրս են եկել քաղաքացիական հասարակությունից, հայտնվում են շատ տհաճ մի իրադրության մեջ, և մանդատը վայր դնելը այդ իրադրությունից դուրս գալու միջոցներից մեկն է։

Չեմ կարծում, որ դա լավագույն միջոցն է, հետևաբար չեմ ողջունում Գայանեի որոշումը, բայց մարդկային առումով կարող եմ նրան հասկանալ։

Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ենթադրում եմ, որ չկայացած երկխոսության կողմերից յուրաքանչյուրը հակված կլինի մյուսին մեղադրել։ Եթե հարցնենք պատգամավորներին, այդ թվում ինձ, հավանաբար, ավելի հակված կլինենք մեղադրել քաղաքացիական հասարակության մեր ընկերներին։ Քաղհասարակության մեր ընկերներն էլ, երևի, մեզ կմեղադրեն։

Եկե՛ք այդ ճանապարհով չգնանք։ Փաստն այն է, որ երկխոսությունը չի կայացել, և դրա պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս։ Եկե՛ք բոլորս՝ թե՛ պատգամավորները, թե՛ քաղհասարակությունը, թե՛ ակտիվիստները մտածենք այն մասին, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ այդպես չլինի։ Որովհետև համոզված եմ, որ Գայանե Աբրահամյանի նման փայլուն պատգամավորի հրաժարականից չի շահում ո՛չ Ազգային Ժողովը, ո՛չ կառավարող թիմը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ էլ քաղաքացիական ակտիվիստները։

Հույս ունենանք, որ Գայանե Աբրահամյանի որոշումը առիթ կդառնա, որ մենք սկսենք փնտրել և գտնենք պատգամավորներ-քաղհասարակություն շփման նոր մոդել և նոր լեզու։ Շատ ափսոս կլինի, եթե դա մեզ չհաջողվի», – գրել է Զոլյանը։