Home / Հայաստան / Բողոքի դուրս եկած հադրութցիները պահանջներ ներկայացրեցին Հայաստանի նախագահին

Բողոքի դուրս եկած հադրութցիները պահանջներ ներկայացրեցին Հայաստանի նախագահին

Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 16-ին, բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26-ի մոտ։

«Հադրութը պատմական Դիզակն է», «Պահանջում ենք Հադրութի դեօկուպացիան», «Հադրութն Արցախ է», «Վերադարձրեք մեր տները» պաստառներով մարդիկ շարժվում էին Հայաստանի նախագահի նստավայր՝ 4 պահանջից բաղկացած նամակ փոխանցելու «համայն հայության միասնականության խորհրդանիշ» Արմեն Սարգսյանին։

«Նոյեմբերի 10-ին ստորագրվեց ամոթալի մի հայտարարություն, որն իր էությամբ վտանգում է Արցախի ողջ բնակչության գոյությունը՝ նախատեսելով անորոշ ներկա և ապագա նրանցից յուրաքանչյուրի համար», – նշված է նամակում, որով նրանք պահանջում են

— քննության առնել Հադրութի շրջանի դեօկուպացիան,

— գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի և հարակից բնակավայրերի խնդիրները ներառվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգում,

— իրավական հարթություն տեղափոխել հադրութցի տեղահանվածների խնդիրը, որպեսզի հնարավոր լինի լուծել նաև փոխհատուցման խնդիրը [խոսքը, ամենայն հավանականությամբ, փախստականի կարգավիճակի տրամադրման մասին է — խմբ․],

— ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանվեն։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց բնակիչների նամակը, հյուրընկալեց մի քանի հադրութցի կանանց և խոստացավ օժանդակել հումանիտար ծրագրերով։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, հադրութի բնակիչները բաց նամակով դիմել էին նաև Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով Հադրութի շրջանն ամբողջությամբ վերադարձնել Արցախին։ Նրանք ակցիաներ էին իրականացրել նաև Ֆրանսիաայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների մոտ, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակների առջև։