Home / Հայաստան / Նախագահ Սարգսյանը միացավ վարչապետի հրաժարականը պահանջողներին

Նախագահ Սարգսյանը միացավ վարչապետի հրաժարականը պահանջողներին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ երկար սպասված ուղերձով, որի վերջում հայտարարեց, որ «երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները»։ Իսկ մինչ այդ, հայտարարեց նախագահ Սարգսյանը, «կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»:

Մի քանի մեջբերում Արմեն Սարգսյանի ուղերձից․

— Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

— Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:

— Արցախը ծանր վիրավոր է: Ունենք ալեկոծված հասարակություն: Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով․․․

— Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին:

— Վերջին մի քանի օրերի ընթացքում․․․ քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:

— Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

— Ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին․ դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն․․․ Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը:

— Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

— Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը: