Home / Մարզեր / Կոմունալ և կապի բոլոր ծառայությունները Ղարաբաղում կլինեն անվճար

Կոմունալ և կապի բոլոր ծառայությունները Ղարաբաղում կլինեն անվճար

Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար, ուստի՝ կոմունալ ծառայությունները, կապի ծառայությունները մոտակա մեկ տարվա ընթացքում ղարաբաղցիների համար կլինեն անվճար։

Բացի այդ՝ կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար դրամի շեմից, կտրվի ֆինանսական պետական աջակցություն:

Աջակցույթուն կստանան նաև անօթևան մնացած քաղաքացիները․ մեկ շնչի հաշվով՝ 300 հազար դրամի չափով՝ միանվագ:

Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով», – ասել է նախագահ Հարությունյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: