հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Պետությունը ծանր ժամանակներ է ապրում»․ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին

«Պետությունը ծանր ժամանակներ է ապրում»․ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ նոր տնօրենին

Պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին․

«Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե, այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:

Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարո՞ւմ է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»:

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը և վստահություն հայտնելով, որ վերջինիս ներուժը կօգտագործվի պետության կայացման հետագա գործընթացներում: Իսկ Աբազյանին նա շնորհակյալություն հայտնեց կատարած բարդ աշխատանքի համար, «որովհետև նա է՛լ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը»․

«Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»:

Արմեն Աբազյանը, մասնավորապես, նշեց, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը:

«Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա, անկախ իր պատկանելությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար», – հավելել է ԱԱԾ ղեկավարը։