Վարչապետը հանդիպումների շարք է սկսել հայաստանյան գործարարների հետ։ Վերջիններս տարբեր տարիներին տարբեր աստիճանի ներգրավվածություն են ունեցել երկրի կառավարման համակարգում։ Հանդիպողների այսօրվա ցուցակում են․
Գռզոն՝ «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, ում կարելի է համարել Հայաստանի առաջին օլիգարխներից։ Գործարարն ունի պատգամավորական փորձ, 2008-ին Փաշինյանի հետ հայտնվել էր հետախուզման մեջ՝ ընդդիմադիր լինելու պատճառով։ Ի տարբերություն ապագա վարչապետի՝ կարողացավ լեզու գտնել Սերժ Սարգսյանի իշխանության հետ և ընդհատակը լքելուց հետո չհամալրեց քաղբանտարկյալների ցուցակը։
Ընդդիմությանը աջակցելու համար զրկվեց Բջնի հանքային ջրերի գործարանից, որին տիրացավ այժմ հետախուզման մեջ գտնվող Նեմեց Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը։ Սուքիասյանին հաջողվեց վաճառել «Ֆիլիպ Մորիս» սիգարետերի բիզնեսը, որը բաժին հասավ վարչապետի այսօրվա մեկ այլ զրուցակից Արման Սահակյանին։
Արման Սահակյանը՝ Սովրանոյի Արման, Նեմիրոֆի Արման, Շուլց։ «Սովրանո» ընկերության սեփականատեր։ Զբաղվում է Ուկրաինայից, Իտալիայից օղու, կոնֆետների ներմուծմամբ։ Ուներ մեդիա-հոլդինգ, որի մեջ էին Թերթ․ամ կայքը, 90 րոպե սպորտային և Կապիտալ ֆինանսական թերթերը։ Մտերմանալով Սերժ Սարգսյանի փեսայի հետ՝ ունեցավ Շիրակ ֆուտբոլային ակումբը, Հայմամուլի կրպակները, պատգամավորի տեղ Հանրապետականների ցուցակում, Հայ TV-ն։ Մեդիաներից հետագայում զրկվեց։ Մինչև հիմա հավակնում է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Լֆիկը՝ «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանը, նախկին ըմբշամարտիկ, ով ստացել է իր մականունը՝ կարիերայի սկզբում այլ ապրանքների շարքում կրծկալների բիզնես անելու համար։ Հայտնի է օղիների և այլ ապրանքների զանգվածային կեղծմամբ և իրացմամբ։ Սիթի սուպերմարկետների ցանցի սեփականատերը ևս եղել է Հանրապետական պատգամավոր, տարբեր տարիներին ակտիվ ներգրավվել է ընտրությունների կեղծման գործընթացում, ղեկավարել և ուղղորդել է մարդկանց ահաբեկումը՝ մասնավորապես Երևանի Մալաթիա թաղամասում։
«Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որոնց անհատական հավակնությունները մեծ արձագանք չեն գտնում մեդիայում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը նրանց հետ քննարկում էր տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցերը։
Գործարարների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: