Թագուհի Մանսուրյանի գործով ավելի քան երեք տարի տևած դատավարությունը այսօր հանգուցալուծվեց․ ընտանեկան բռնարարը դատապարտվել է 19 տարի ազատազրկման, հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։
«Կացնահարության այս սարսափելի դեպքը հանրային մեծ արձագանք գտավ և բռնության դատապարտման ճանապարհը շատ երկար ու բարդ էր: Կնոջ նկատմամբ բռնության այս դեպքի հանրայնացումը, իրավական և հասարակական մակարդակներում բռնարարի դատապարտումը շատ կարևոր քայլ էր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործում:
Տարիներ շարունակ դատական համակարգում եղել են բազմաթիվ անտրամաբանական վճիռներ, և բռնարարները երբեմն կնասպանության դեպքում անգամ դատապարտվել են ընդամենը 3,5 տարվա ազատազրկման։ Այս դատավճռով կարծես թե բեկում արձանագրվեց և մենք լիահույս ենք, որ դատավճիռը շարունակական կդարձնի կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների միանշանակ դատապարտումը թե´ իրավական, թե´ հասարակական մակարդակներում», – գրել է Կոալիցիան։
2016 թվականի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին:
Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Այդ նույն օրը Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսինը հերթական անգամ սպառնալիքներով եկել էր կնոջ ծնողների տուն և փորձել ներս մտնել: Ծնողները ոստիկանություն էին զանգահարել, իսկ ոստիկանները՝ ժամանելուն պետ Թագուհուն և նրա մորը տարել էին ոստիկանական բաժանմունք՝ բացատրություն տալու։ Բռնարար ամուսինը մնացել էր տեղում՝ հայտարարելով, որ վատ է զգում իրեն, քանի որ նախկին կնոջ ծնողներն իր նկատմամբ բռնություն են գործադրել։ Բացատրություն տալուց հետո՝ գիշերվա ժամը չորսին, ոստիկանները մորը և դստերը հետ են բերել տուն, որի մուտքի մոտ նրանց սպասոսւմ էր կացնով զինված և դարանակալված Վլադիկ Մարտիրոսյանը։
«Իջեցրեցին [մեքենայից]՝ մենք մտել ենք մուտք: Աստիճանները բարձրացանք, հասա դռան դեմը՝ ինքը կացնով արդեն հարձակվեց: Իմ գլխին է խփել, մեջքիս, ուսիս ու փորիս հատվածում: Ես գոռացել եմ ՝ օգնություն, էլ չեմ հիշում», – պատմում էՄանսուրյանը։
Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ սպանություն և դիտավորությամբ երկու և ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը։
Ոճրագործությունից առաջ էլ այս նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը, ինչի համար անագմ դատվել է։ Դատարանը թեև ապացուցված էր համարել նրա կողմից կնոջը ծեծելու փաստը, դատապարտել է նրան ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, ընդ որում՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Սպանությունը տեղի է ունեցել հենց այդ ընթացքում։